Կենդանիների Առողջություն

23 - նոյեմբերի - 2010

Կենդանիների վատ առողջությունը Հայաստանում անասնապահության արտադրողականության բարձրացման և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացման հիմնական խոչընդոտներից է: Անասնապահության բարձր արտադրողականությունը մեծապես կախված է մի կողմից գյուղատնտեսական անասունների առողջության ապահովման բարձրորակ և կանոնավոր հիմունքներով տրամադրվող ծառայությունների հասանելիությունից, իսկ մյուս կողմից` ֆերմերների հմտություններից և  գիտելիքներից:  Անասնաբուժական ծառայությունների բարելավմանը կամ թիրախային խմբերի համար այդ ծառայությունների հասանելության ապահովմանն ուղղված զարգացման ծրագրերը կարող են  զգալի ազդեցություն ունենալ գյուղական շրջանների զարգացման վրա:

Այդ նպատակով ՔԱՐԴ հիմնադրամը` հիմնվելով ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի կողմից ՔԱՐԴ-ի գյուղի զարգացման բաժնի իրականացված ծրագրերի գնահատման արդյունքների վրա, 2009 թվականի հոկտեմբերի 1-ին մեկնարկեց «Կենդանիների առողջություն» (ԿԱ) ծրագիրը:  Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել համայնքային մակարդակում մասնավոր հատվածի կողմից անասնաբուժական ծառայությունների տրամադրմանը:  Ծրագրի թիրախում են  Հայաստանի հարավային շրջանները` մասնավորապես Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան շրջանները:  Ծրագիրը նպատակաուղղված է բարձրացնելու անասնաբույժների իրազեկման մակարդակը և աջակցելու արդի մեթոդներ կիրառող անասնաբուժական գործելակերպերի կիրառմանը` ապահովելով գյուղատնտեսական կենդանիների առողջության պահպանման կայուն և բարձրորակ ծառայությունների մատուցումը, հասանելությունն ու մատչելիությունը:

«Կենդանիների առողջություն» ծրագրի շրջանակներում ՔԱՐԴ հիմնադրամը Սյունիքի մարզի Սիսիանի շրջանում ստեղծել է գյուղացիական տնտեսությունների սպասարկման կենտրոն: Կենտրոնի տեղադրության վայրն ընտրվել է հաշվի առնելով մայրաքաղաք Երևանից հեռու գտնվելու հանգամանքը, ինչպես նաև անասունների հիմնական հիվանդությունների տարածվածության աստիճանը: Կենտրոնը կիրառում է տարածաշրջանային մոտեցում 1) անասնաբուժական գիտելիքների և հմտությունների հզորացմանը, 2) տարածաշրջանում կենդանիների առողջության ոլորտում գործող շահագրգիռ կողմերի միջև սոցիալական ցանցային աշխատանքներին և 3) բարձրորակ անասնաբուժական դեղորայքի և դեղամիջոցների հասանելիության մակարդակի բարձրացմանը:

«Կենդանիների առողջություն» ծրագրի թիմը կազմակերպում է երեք տեսակի վերապատրաստման դասընթացներ և իրազեկման գործողություններ

  •  Տեսական/լսարանային դասընթացներ, որոնք անց են կացվում ինչպես ամբողջ տարածաշրջանում, այնպես էլ Գյուղացիական տնտեսությունների սպասարկման կենտրոնում: Դասընթացների թեմաների ընտրությանը և  նյութերի մշակմանը մասնակցելու համար հրավիրվում են տեղական և միջազգային փորձագետներ:
  •  Գործնական/դաշտային պարապմունքներ.  Սյունիքի մարզում աշխատող անասնաբույժներն ու ֆերմերները հրավիրվում են մասնակցելու գործնական պարապմունքներում, որտեղ մասնակիցներին տրվում է տեսական դասընթացների արդյունքում ձեռքբերված իրենց գիտելիքները  գործնականում կիրառելու և հմտությունները  բարելավելու հնարավորություն: ՔԱՐԴ-ի և տեղի մասնագետները ցուցադրում են պրակտիկ անասնաբուժական հմտություններ և շրջանի ֆերմերային տնտեսություններում ցուցադրությունների կազմակերպման միջոցով աջակցում են գիտելիքների փոխանցմանը:
  •  Համայնքի իրազեկում.  ՔԱՐԴ-ի «Կենդանիների առողջություն» ծրագրի թիմը մշակում է պլաններ, որոնք Կենտրոնն օգտագործում է կենդանիների առողջության հիմնարար հարցերի շուրջ համայնքների իրազեկմանն ուղղված իր միջոցառումներում:  Իրազեկման միջոցառումների/արշավների ծրագրերի բովանդակության շուրջ թիմը խորհրդակցում է հիմնական շահագրգիռ կողմերի` ներառյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ:

ՔԱՐԴ-ի «Կենդանիների առողջություն» ծրագրում կներգրավվեն ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի պետական ագրարային համալսարանի, մարզային անասնաբուժական գրասենյակների և տեխնիկական աջակցություն տրամադրող այլ գործընկերների  մասնագետները` վերապատրաստման դասընթացների և իրազեկման միջոցառումների ծրագրերի կազմման աշխատանքներին մասնակցելու և գյուղատնտեսական կենդանիների կառավարմանը ներկայացվող գործելակերպերի համապատասխանությունը միջազգային ստանդարտներին (կիրառելի լինելու դեպքում) ապահովելու նպատակով: