«Տոհմային կենդանիների անասնաբույծների ասոցիացիա»-ի հիմնադրումը

02 - նոյեմբերի - 2017

2017թ․-ի հոկտեմբերի 12-ը նշանավորվեց կարևոր մի նախաձեռնությամբ, որի նախադրյալները վաղուց արդեն հասունացել էին երկրում: Արձագանքելով ֆերմերների կողմից բազմիցս բարձրաձայնված խնդիրներին՝ CARD հիմնադրամը գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ ձեռնամուխ եղավ «Տոհմային կենդանիների անասնաբույծների ասոցիացիա»-ի հիմնադրմանը:

Իր գործունեության ընթացքում հիմնադրամը իրականացրել է խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման և գենետիկական հատկանիշների բարելավման աշխատանքներ Հայաստանի ողջ տարածքով։ ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից ներկրված բարձրորակ սերմնահեղուկի կիրառման շնորհիվ մի շարք տնտեսություններ արդեն իսկ համալրվել են տեղական բարելավված բարձրարժեք կենդանիներով, սակայն նրանց առջև ծառացել է տոհմային գործի գրագետ վարման խնդիրը: Խնդրի լուծումը ֆերմերները տեսնում էին ասոցիացիայի հիմնադրման և միավորված գործունեության իրականացման մեջ, ուստի առավել քան պատեհաժամ էր ասոցիացիայի հիմնադիր ժողովի կազմակերպումը:

Հանդիպմանը ներկա էին ոլորտում առաջատար  ֆերմերներ, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության՝ Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի փորձագետ Աշոտ Գրիգորյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ CARD հիմնադրամից։  Լևոն Տեր-Իսահակյանը իր խոսքում հայտնեց Գյուղատնտեսության նախարարության կողմնակցությունն ու պատրաստակամությունը մշտապես աջակցել տվյալ գաղափարի իրականացմանն ու վերջինիս հարատևության ապահովմանը ։ «Մենք կարևորում ենք ՀՀ-ում տոհմային   այն տնտեսությունների տեսակարար կշռի ավելացումը, որոնք  զբաղվում են տոհմային գործունեությամբ և որոնց միջոցով մենք կկարողանանք բուծել բարձրարժեք կենդանիներ»:

Հանդիպման արդյունքում հիմնադրվեց «Տոհմային կենդանիների անասնաբույծների ասոցիացիա», որը կստանձնի տոհմային ֆերմաների համախմբման, գրանցման, կենդանիների տոհմային քարտերի տրամադրման և վերջիններիս խնդիրների բարձրաձայնման և հնարավոր լուծումների առաջադրման դերը։

Միասնական  քվեարկության արդյունքում ասոցիացիայի նախագահ ընտրվեց ֆերմեր Արմեն Ավետիսյանը։ Կից ստեղծվեց 5 հոգուց բաղկացած  խորհուրդ և քննարկվեց կանոնադրության նախագիծը։

Լիահույս ենք, որ ասոցիացիան բարեհաջող կիրականացնի իր առաքելությունը՝  խթանելով  տոհմային անասնաբուծությունն ու նոր հեռանկարներ ստեղծելով ֆերմերների համար։ Հուսով ենք նաև, որ հետագայում կավելանա ասոցիացիային անդամակցելու ցանկություն  հայտնող ֆերմերների թիվը: