Սննդի Անվտանգություն

23 - նոյեմբերի - 2010

Սննդի ապահովության համակարգի զարգացման տեխնիկական աջակցության ծրագիր 

Ծրագրի ամփոփ նկարագիր.  2006 թվականից ՔԱՐԴ հիմնադրամն իրականացնում է Հայաստանի սննդի անվտանգության համակարգի զարգացմանն ուղղված տեխնիկական աջակցության ծրագիր, որը ֆինանսավորվում է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի կողմից: Ծրագրի շրջանակներում տրամադվող տեխնիկական աջակցությունը Լուիզիանայի նահանգային համալսարանի և դրա ԱՄՆ գործընկերների, Հարավային համալսարանի և դրա Ուկրաինայի գործընկերների, Սննդի ապահովության և որակի միջազգային ինստիտուտի (IIFSQ) և ՔԱՐԴ հիմնադրամի համագործակցային ջանքերի արդյունք է: Ծրագրի ընդհանուր նպատակն է ստեղծել  Հայաստանի սննդի ապահովության արդյունավետ ծրագիր/, որը պարենամթերքի նկատմամբ տեղական, տարածաշրջանային և արտահանման պահանջարկի մեծացման միջոցով կսատարի երկրի տնտեսությանը և կապահովի պարենամթերքի հուսալի ու ապահով մատակարարումը բնակչությանը:

Խնդիրներ.  Վերոնշյալ նպատակի իրագործման համար սահմանվել են երեք խնդիրներ`

Խնդիր 1.        Սննդի անվտանգության ՀՀ իրավական դաշտի ներդաշնակեցում/համապատասխանեցում միջազգային պահանջներին  (Կոդեքս Ալիմենտարիուս, ԱՄՆ, ԵՄ և այլն)

Խնդիր 2.        Գիտության նվաճումների վրա հիմնված սննդի ապահովության իրազեկման ծրագրերի հզորացում

Խնդիր 3.        Տեխնիկական աջակցության տրամադրում ՀՀ կառավարությանը և ոլորտի մասնակիցների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպում

Աշխատակազմ. Ծրագրի շրջանակներում ՔԱՐԴ հիմնադրամի սննդի ապահովության հինգ մասնագետները և ծրագրի ղեկավարը վերապատրաստվեցին և ծանոթացան ոլորտի լավագույն փորձին: Այժմ, նրանք կիրառում են ձեռքբերված գիտելիքներն ու փորձը Հայաստանի գյուղատնտեսության հատվածում:  Ծրագրի հաջողության գրավականը ՔԱՐԴ-ի կողմից նախկինում իրականացված  ծրագրերից կուտակված փորձն է, որի հիմքում ընկած է բարձր որակավորում ունեցող միջազգային խորհրդատուների և տեղական մասնագետների փորձառնությունների համատեղումը: Արդեն յոթ տարի շարունակ Լուիզիանայի նահանգային համալսարանի և դրա հետ համագործակցող կազմակերպությունների ավելի քան 25 մասնագետներ`  իրենց հայ գործընկերների հետ միասին,  տրամադրում են կարողությունների հզորացմանն ուղղված տեխնիկական և խորհրդատվական աջակցություն ՔԱՐԴ-ին և դրա հաճախորդներին:

Համագործակցության արդյունքում ՔԱՐԴ-ի սննդի ապահովության թիմը ստորև նշված հաստատությունների կողմից հավաստագրվել է որպես հետևյալ դասընթացները տրամադրելու իրավասություն ունեցող կառույց`

  • ServSafe Instructor and Registered Proctor (ՍերվՍեյֆ  դասավանդող  և գրանցված հավատարմատար)`  Ռեստորանների ազգային ասոցիացիայի Կրթական հիմնադրամ, ԱՄՆ
  • Seafood HACCP Supervisory Instructor (Ծովամթերքի ՎՎՀԿԿ առաջատար դասավանդող)` Ծովամթերքի ՎՎՀԿԿ ուսուցման և կրթության ազգային ալյանս
  • ՎՎՀԿԿ ներածական դասընթացների առաջատար  դասավանդող` ՎՎՀԿԿ միջազգային ալյանս (International HACCP Alliance)
  • «Տեխնոլոգիական գործընթացների հսկողության կատարելագործման դպրոց» (BPCS) դասընթաց պահածոների գործարանի համար
  •  ԱՄՆ Պարենի և դեղորայքի վարչություն (FDA/ՊՎԴ)

Բացի այդ, ՔԱՐԴ-ը հանդիսանում է Պարենային ապրանքների լոգիստիկայի համաշխարհային կազմակերպության/«Գլոբալ Քոլդ Չեյն Ալյանս»-ի անդամ (World Food Logistic Organization/Global Cold Chain Alliance):

Շահագրգիռ կողմեր. Ներկայում ՔԱՐԴ հիմնադրամն իրականացնում է սննդի ապահովության ծրագրեր պետական գործակալությունների և մասնավոր հատվածի կազմակերպությունների համար` դասընթացավարների կարողությունների կայուն հիմունքներով հզորացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի զարգացման միջոցով: Հիմնական շահագրգիռ խմբերը ներառում են` ֆերմերներ, վերամշակող ձեռնարկություններ (մսամթերք, կաթնամթերք, պահածոներ, միրգ, բանջարեղեն և ծովամթերք վերամշակող ձեռնարկություններ), հասարակական սննդի սպասարկման հաստատություններ (հյուրանոցներ, ռեստորաններ, մանրածախ խանութներ և այլն), սննդի ապահովության ոլորտում պատասխանատու պետական պաշտոնյաներ, ինչպես նաև սպառողներ:

 Ուսուցողական ծրագրեր. Ծրագրի միջոցով Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտի մասնակիցների համար կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ հետևյալ թեմաներով` սննդի ապահովության հիմնարար և էական բաղադրիչներ, սննդի ապահովություն միջազգայնորեն ընդունված կանոնակարգեր և պահանջներ: Մասնակիցները կիրառում են ձեռքբերված գիտելիքները վերամշակող ձեռնարկություններում ՎՎՀԿԿ համակարգեր մշակելու, սննդի ապահովության իրավական դաշտում ՀՀ կառավարության բարեփոխումներին և նոր կանոնակարգերի կիրարկմանն աջակցելու, ինչպես նաև տեղական սպառողների շրջանում սննդի ապահովության իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով: Այս պահի դրությամբ սննդի ապահովության պահանջների թեմայով վերապատրաստվել են ավելի քան 5000 շահառուներ, անց են կացվել սեմինար-հանդիպումներ Հայաստանի սննդի ապահովության դասընթացավարների կոալիցիայի ստեղծման համար:

Դասընթացների թեմաները (առանց սահմանափակման) ներառում են`

  • Ճիշտ արտադրության պրակտիկա և սանիտարիայի հիմունքներ
  • «Կոդեքս Ալիմենտարիուս» պահանջների իրականացում
  • «Վտանգների վերլուծություն և հսկման կրիտիկական կետեր»  (ՎՎՀԿԿ/ HACCP) համակարգի մշակում և ներդրում սննդի արդյունաբերությալ ոլորտում
  • Ծովամթերքի/ ՎՎՀԿԿ համակարգի մշակում և ներդրում
  • «Ա» կարգի պաստերիզացված կաթի կանոնակարգ
  • «ՍերվՍեյֆ» դասընթացներ սննդի սպասարկման հաստատությունների համար
  • «Տեխնոլոգիական գործընթացների հսկողության կատարելագործման դպրոց» (BPCS) դասընթաց պահածոների գործարանի համար
  • Ներքին աուդիտ
  • Մանրէաբանական հետազոտության նոր մեթոդներ
  • Սառնարանային տնտեսության կառավարում
  • Սննդի ապահովություն` ֆերմերային տնտեսությունների մակարդակով
  • Սննդի ապահովության իրազեկման դասընթացներ դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև սպառողների իրազեկման այլ միջոցառումներ:

 

Խորհրդակցական ծառայություններ

Խորհրդատվական/խորհրդակցական ծառայությունները ներառում են հետևյալ ուղղությունները`

  • Խորհրդակցություններ ՀՀ կառավարության հետ սննդի ապահովության գործող  կանոնակարգերի վերանայման և նոր ենթաօրենսդրական ակտերի  մշակման շուրջ` միջազգային (ԱՄՆ և ԵՄ) օրենքներին և կանոնակարգերին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.
  • Աջակցություն ՀՀ կառավարությանը և սննդի արդյունաբերության բնագավառի մասնակիցներին` արտահանմանն աջակցելու նպատակով ՊՎԴ-ի, ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի, ԵՄ-ի և պարենային ոլորտը կարգավորող տարածաշրջանային գործակալությունների հետ կապ հաստատելու գործում.
  • Խորհրդակցություններ սննդի արդյունաբերության բնագավառի ներկայացուցիչների հետ` սննդի ապահովության կառավարման այնպիսի համակարգերի մշակման և ներդրման համար ինչպիսիք են` ՎՎՀԿԿ/HACCP, ԻՍՕ/ISO 22000 (սննդամթերքի անվտանգության կառավարման միջազգային ստանդարտ), FSSC22000 (սննդի անվտանգության համակարգի սերտիֆիկացում),  SQF (Ապահով որակյալ սնունդ), BRC, և GFSI (Սննդի գլոբալ անվտանգության նախաձեռնություն).
  • Խորհրդակցություններ սննդի արդյունաբերության բնագավառի ներկայացուցիչների համար` սննդի ապահովության և սանիտարիայի պայմանների բարելավման նպատակով.
  • ՎՎՀԿԿ համակարգի աուդիտ երրորդ կողմի կողմից.
  • Պահածոյացման գործընթացի ստեղծում և կազմակերպության գրանցում ՊԴՎ-ի համակարգում
  • Պահածոյացված սննդի արտադրողների աուդիտ` ՊՎԴ-ի պահանջների համաձայն.
  • Խորհրդակցություններ սառնարանային տնտեսությունների կառավարման ոլորտում.
    • Սանիտարական պայմանների բարելավման ծրագրերի մշակում ֆերմերային տնտեսությունների, կաթի ֆերմաների, կաթի մթերման կայանների և սպանդանոցների համար:

ՔԱՐԴ-ի սննդի ապահովություն ծրագրի նպատակն է լրացնել և համալրել Հայաստանում սննդի ապահովության այլ նախաձեռնությունները, այնպես որ արդյունքները լինել կայուն և համընդհանուր: