Հայ և վրացի մասնագետները ծանոթանում են Լատվիայի փորձին

26 - հոկտեմբերի - 2016

Հոկտեմբերի 16-23-ը CARD հիմնադրամի հրավերով Հայաստան էր այցելել մասնավոր անասնաբուժության ոլորտի լատվիացի մասնագետ Անդրիս Զալիտիսը։ Այցելության հիմնական նպատակն էր անասնաբուժական սպասարկում իրականացնող մասնագետների վերապատրաստումն ու փորձի փոխանակումը։ Պարոն Զալիտիսը նշանակալի ավանդ ունի Լատվիայում մասնավոր անասնաբուժության զարգացման ոլորտում՝ հաղթահարելով Խորհրդային Միության փլուզման արդյունքում ի հայտ եկած դժվարությունները։

Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենդանիների առողջության կառավարում» ծրագրի, ինչպես նաև «Գյուղատնտեսական ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվող  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության»  երկրորդ ծրագրի շրջանակներում պարոն Զալիտիսը դասընթացներ անցկացրեց Հայաստանում և Վրաստանում` անասնաբուժական էթիկայի, տնտեսագիության վերաբերյալ` անդրադառնալով նաև անասնաբուժության կարևոր դերին և նշանակությանը անվտանգ սննդամթերքի արտադրության երաշխավորման հարցում։ Պարոն Զալիտիսն անդրադարձավ նաև անասնաբուժական ասոցիացիաների դերին և ֆերմերային ասոցիացիաների հետ վերջիններիս համագործակցության կարևորությանը։ Մասնագիտական նեղ շրջանակներում կայացած հանդիպումների ընթացքում կարևոր տեղեկություններ տրամադրվեցին մաստիտի վերաբերյալ, որը մերօրյա արդիական և լուրջ խնդիրներից մեկն է հանդիսանում, և հնարավոր չէ անտեսել վերջինիս դերը սննդի անվտանգության և տնտեսագիտության ոլորտներում։

Պարոն Զալիտիսն այցելեց նաև մի շարք ֆերմաներ՝ տեղում անցկացնելով գործնական պարապմունքներ կովերի բարեկեցության և կերակրման  թեմայով։

Այցելությունը բավականին ուսուցանող և պիտանի էր։ Հարկ է նշել, որ CARD-ի և Անդրիս Զալիտիսի միջև համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 2004 թվականին, և անգնահատելի է վերջինիս ունեցած ներդրումը բացօթյա պահվածքի, կենդանիների արհեստական սերմնավորման տեխնոլոգիաների, եղջերատման ոլորտում տրամադրված գիտելիքների տեսանկյունից։