Նոր Գյուղ համայնքը կունենա Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն

28 - հունիսի - 2017

 

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում հիմնել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն (ԳԱՍԿ): Մասնագիտացված կենտրոնն ուղղված է Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը:

Կենտրոնի պաշտոնական բացմանը մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարար պարոն Իգնատի Առաքելյան, ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն տիկին Դեբորահ Գրիզերը, Ավստրիայի զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ տիկին Նորա Ալանակյանը, Topigs Norsvin Hellas ընկերության գլխավոր տնօրեն պարոն Ջորջ Նիկոլաուն, Մուլտի Ագրո ՍՊԸ-ի տնօրեն տիկին Ռոզա Ծառուկյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Կոտայքի մարզպետարանից, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամից և CARD հիմնադրամից:

Նոր Գյուղի Կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև, որոնք տրամադրում են պարագաներ, սարքավորումներ և տեղեկատվություն անասնապահության կառավարման զարգացման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ։

Կենտրոնը հագեցած է լինելու արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով։ Այն էական դեր է խաղալու  շուկայական կապերի հաստատման գործում, ինչպես նաև հասանելի է դարձնելու ֆինանսական ռեսուրսները  տեղի ֆերմերների և ՓՄՁ-ների համար։  Կենտրոնը համագործակցելու է շրջակա համայնքների անասնաբույժների և արհեստական սերմնավորող տեխնիկների հետ: ԳԱՍԿ-ը կազմակերպելու է նաև Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ և դասընթացներ: Ակնկալվում է, որ ԳԱՍԿ-ի ծառայություններից կօգտվեն ՀՀ Կոտայքի մարզի մոտ 20 համայնքների շուրջ 2,500 գյուղատնտեսներ:

«ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենը CARD Հիմնադրամի միջոցով ստեղծել է խորհրդատվական ծառայությունների այս մոդելը։ Սա 7-րդն է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ հիմնադրված գյուղատնտեսական սպասարկման կենտրոններից, որոնցից 3-ն արդեն ինքնաբավ են։ Ցանկանում եմ խրախուսել ֆերմերներին օգտվել այս կենտրոնի տրամադրած ծառայություններից՝ իրենց և իրենց համայնքների բարգավաճման համար», -իր խոսքում նշեց ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն տիկին Դեբորահ Գրիզերը։