Նոր Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն Մեղրի համայնքում

28 - հունիսի - 2016

Ս․ թ․-ի հունիսի 24-ին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը կազմակերպեց Շվեյցարիայի միջազգային զարգացման գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի շրջանակներում և  տեղացի ներդրող Արմեն Ավետիսյանի հետ համագործակցությամբ Մեղրիում հիմնադրված Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի (ԳՍԿ) բացման հանդիսավոր արարողությունը: Կենտրոնը կյանքի է կոչվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ու «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» ծրագրի հետ համագործակցության արդյունքում։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) Հարավային Կովկասի զարգացման ծրագրի տարածաշրջանային տնօրեն  Օլիվիե Բուրկին, ինչպես նաև ներկայացուցիչներ SDC-ից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից և CARD հիմնադրամից: Բացման խոսքում պարոն Օլիվիե Բուրկին դիմեց ֆերմերներին․ «Կենտրոնն այսուհետ Ձերն է և կարող եք կիրառել այն ավանդական գյուղմթերքների արտադրությունը Մեղրիում խթանելու նպատակով»։

Մասնագիտացված կենտրոնն ուղղված է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և նպաստելու է տեղում առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը: Վերջինս գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև, որոնք տրամադրում են պարագաներ, սարքավորումներ և տեղեկատվություն գյուղատնտեսության զարգացման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ։

Կենտրոնը հագեցած է լինելու գյուղատնտեսական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով: Կենտրոնում գործելու է նաև հողի անալիզի համար նախատեսված լաբորատորիա։ Այն էական դեր է խաղալու շուկայական կապերի հաստատման գործում, ինչպես նաև հասանելի է դարձնելու ֆինանսական ռեսուրսները տեղի ֆերմերների և ՓՄՁ-ների համար։ Կենտրոնը համագործակցելու է շրջակա համայնքների գյուղատնտեսների, տեխնիկների և ՀՀ-ում գործող մյուս գյուղատնտեսական սպասարկման կենտրոնների հետ։ Այստեղ կազմակերպվելու են նաև Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ և դասընթացներ: Ակնկալվում է, որ կենտրոնի ծառայություններից կօգտվեն ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի 13 համայնքների շուրջ 1800 ֆերմերային տնտեսություններ: