Համագործակցության նոր հեռանկարներ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և CARD հիմնադրամի միջև

09 - փետրվարի - 2017

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և CARD հիմնադրամի միջև տարիներ ի վեր հաստատված համագործակցությունը նոր զարգացում կապրի կողմերի միջև փոխըմբռնման  հերթական հուշագրով։

Փետրվարի 8-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` ուղղված «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվաստումների աշխատանքների որակի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների բարելավմանն ու անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։

Նախքան հուշագրի ստորագրումը պարոն Առաքելյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի ուղեկցությամբ այցելեց Արագածավան համայնքում գործող Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն՝ ծանոթանալու վերջինիս գործունեությանը։ Կենտրոնի տնօրեն Հունան Սարգսյանը մանրամասն ներկայացրեց կենտրոնի կողմից մատուցվող բազմապիսի ծառայություններն ու ոլորտում առկա խնդիրները։  Նախարարը անձամբ հանդիպեց և զրուցեց նաև համայնքի անասնաբույժների և գյուղատնտեսների հետ։

Այնուհետև Իգնատի Առաքելյանն այցելեց CARD հիմնադրամի գրասենյակ՝ հուշագիրը ստորագրելու, ընկերության գործունեության վերաբերյալ առավել լավ պատկերացում կազմելու և աշխատակազմի հետ անձամբ ծանոթանալու նպատակով։ Անդրադառնալով նախարարության և հիմնադրամի միջև հաստատված համագործակցությանը՝ պարոն Առաքելյանը նշեց․ «Պետական հատվածի՝ Գյուղատնտեսության նախարարության և մասնավոր սեկտորի ներուժը համատեղ օգտագործելով, նպաստելու ենք Հայաստանում գյուղատնտեսության, այս դեպքում, մասնավորապես, անասնաբուժության զարգացմանը։ Համոզված ենք, որ CARD հիմնադրամի հետ համատեղ իրականացվելու դեպքում պետական ծրագրով նախատեսված պատվաստումների գործառույթը կլինի առավել թափանցիկ, առավել արդյունավետ և նպատակային»։