03 Ապր 2024
CARD հիմնադրամի շարունակական համագործակցությունը ՀՀ էՆ հետ
CARD հիմնադրամն Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող ԿՀՀ ծրագրի շրջանակներում շարունակում է օժանդակություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի շարունակականությունն ու կայունությունն ապահովելու նպատակով:
Ծրագրի շրջանակներում 2023 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվել ու իրականացվել են մի շարք կարևոր միջոցառումներ, որոնց դրական ազդեցությունն ակնհայտ է ոչ միայն ԿՀՀ համակարգի, այլև կենդանիների առողջության և անասնաբուծության ոլորտում մատուցվող պետական ու մասնավոր տարբեր ծառայությունների վրա:
Վերոնշյալ միջոցառումներից էր 2023 թվականի հոկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի և կառավարության պաշտոնյաների Ավստրիա կատարած ԿՀՀ համակարգի վերաբերյալ ճանաչողական այցը։ Այցից հետո 2023 թվականի դեկտեմբերին CARD հիմնադրամի կողմից ներկայացվել է տեղեկատվություն փոքր սպանդանոցների կարևորության համայնքներում կենդանիների համարները համակարգից դուրս բերելու համար։ CARD հիմնադրամը օժանդակել է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին կենդանիների համարակալման և հաշվառման մոնիթորինգի մատյանների տպագրության և անասնաբույժներին բաշխման, իրազեկման նյութերի մշակման, ձևավորման, տպագրության և այլ աշխատանքներում։
Ավստրիա կատարված այցի ժամանակ փոքր սպանդանոցների վերաբերյալ ստացած փորձից հետո կառավարությունը շատ արագ՝ մեկ ամսվա ընթացքում մշակեց ՀՀ համայնքներում փոքր սպանդանոցներ ստեղծելու մասին Կառավարության 106 Ն որոշումը, որը հաստատվեց 2024 թվականի հունվարի 25-ին։ Փոքր սպանդանոցների մասին որոշումն անմիջականորեն կնպաստի, որպեսզի կենդանիների սպանդի հաշվետվությունները հաղորդվեն ԱՆԻ ՊԱՍ էլեկտրոնային համակարգ, իսկ սպանդի ենթարկված կենդանիները դուրս գրվեն ԱՆԻ ՊԱՍ համակարգից:
Հետևելով ՀՀ-ում փոքր սպանդանոցների համակարգի կայացման կառավարության որոշմանը՝ CARD հիմնադրամը ԿՀՀ ծրագրի փորձացուցադրական բաղադրիչի շրջանակներում կաջակցի ՀՀ կառավարությանը ՀՀ մի քանի համայնքներում փոքր սպանդանոցների հիմնմանը և վերազինմանը, քանի որ սպանդանոցների սահուն աշխատանքը կարևոր նախապայման է ԿՀՀ համակարգի սահուն գործունեության և տվյալների որակի բարձրացման համար։
Այս նպատակով սույն թվականի մարտի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը այցելել են Սպիտակի տարածաշրջանի Քարաձոր համայնքում գտնվող Հակոբ Կարապետյանի տնտեսություն, որն իրենից ներկայացնում է կենդանիների բտման ֆերմա՝ իր փոքր սպանդանոցով։ Այցի նպատակն էր ծանոթանալ ֆերմայի այս մոդելին, որն էլ իր հերթին շատ նման է Ավստրիայի փոքր սպանդանոցների մոդելին։ Այցի ընթացքում քննարկվել են ինչպես տարածել Հակոբ Կարապետյանի ստեղծած մոդելը՝ կենդանիների բտման հարթակ, կից սպանդանոցով։
Հակոբ Կարապետյանը 1995թ․-ից սկսած Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Քարաձոր համայնքում ձեռք է բերել խորհրդային տարիներից մնացած կոլտնտեսությանը պատկանող կիսավեր անասնապահական ֆերմա և սկսել զբաղվել տավարամսի արտադրությամբ: Նա յուրաքանչյուր շաբաթ-կիրակի կազմակերպվող տեղի անասնաշուկայից ձեռք է բերել խոշոր եղջերավոր կենդանիներ՝ մասնավորապես ցլիկներ, տեղափոխել է տնտեսություն և իրականացրել աճեցում, բտում ու սպանդ: Այնուհետ անասնատերերն են զանգահարել Հակոբին ու առաջարկել տարբեր սեռահասակային խմբի կենդանիներ։
2004թ․-ին Հակոբ Կարապետյանը CARD հիմնադրամի աջակցությամբ և համագործակցությամբ ներդրել է կենդանիների բացօթյա պահվածքի ծրագիրը։ Ծրագրի ամփոփումից հետո ստացված արդյունքները՝ մասնավորապես կենդանիների քաշաճը և կերհատուցման գործակիցը, եղել են գոհացուցիչ:
Այժմ ամեն տարի Հակոբը տարածաշրջանի գյուղերի ավելի քան 200 տնտեսվարողներից մթերում է տարբեր սեռատարիքային խմբի պատկանող կենդանիներ, ինչպես նաև խոտ, դրանք աճեցնում ու վաճառում է սուպերմարկետներին ու ռեստորաններին։
Լիահույս ենք, որ նմանատիպ բտման անասնաֆերմաներ և կից փոքր սպանդանոցներ կհիմնվեն ՀՀ բոլոր մարզերում և նմանատիպ ծառայություններ կմատուցեն կից համայնքների անասնատերերին։ Այս համակարգի ներդրումը կնպաստի սպանդի ենթարկված կենդանիներին դուրս բերել հաշվառման ԱՆԻ ՊԱՍ համակարգից՝ բարձրացնելով կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի տվյալների բազայի որակը։ Այդ ամենի արդյունքում սպառողը հնարավորություն կստանա գնել անասնաբույժի կողմից ստուգված՝ սպանդանոցային ծագման միս և մսամթերք՝ բարձրացնելով սննդի անվտանգություն որակը և ազգաբնակչությանը զերծ պահել խիստ վարակիչ հիվանդություններից։
*** ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը (Austrian Development Agency)՝ CARD հիմնադրամի միջոցով։