13 Հնս 2024
ՀՀ-ում անասնաբուժական համակարգի բարելավմանը նվիրված աշխատաժողով
Մեծ է անասնաբուժական համակարգի դերը ՀՀ-ում իրականացվող կենդանիների համարակալման և հաշվառման (ԿՀՀ) ծրագրում։ Ծրագրի արդյունավետությունը և հավաքագրված տվյալների որակը անմիջականորեն կապված է անասնաբուժական համակարգի հետ, քանի որ բուն ծրագիրն իրականացնում են անասնաբույժները։ ԿՀՀ աշխատանքային խմբի քննարկումների ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշտապես կարևորել և շեշտադրել է անասնաբուժական համակարգի բարեփոխումները, որոնք կբարելավեն ՀՀ-ում անասնաբուժական, անասնաբուծական և ԿՀՀ համակարգի որակը, կապահովեն տվյալ համակարգերի կայունությունն ու շարունակականությունը։
ԿՀՀ համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով բարեփոխման անհրաժեշտության և վերջինիս մեծ դերի մասին նշել են նաև «Ագրարմարքտ Ավստրիա» գործակալության միջազգային փորձագետները ՀՀ-ում իրականացրած իրենց ուսումնասիրությունների արդյունքում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի և CARD հիմնադրամի նախաձեռնությամբ ս/թ հունիսի 7-ից 8-ը կազմակերպվեց աշխատաժողով, որը նվիրված էր անասնաբուժական ոլորտի բարեփոխումներին։ Աշխատաժողովին ներկա են գտնվել ՀՀ էկոնիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը, ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը, ՀՀ ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանը, ՀՀ անասնաբույժների ազգային ասոցացիայի նախագահ Արման Օհանյանը, CARD հիմնադրամի և այլ շահառու կողմերի ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել է ԿՀՀ ծրագրի ընթացքը և խնդիրները, ՀՀ անասնաբուժական համակարգի, ոլորտի ծառայությունների ու կրթական ոլորտում առկա խնդիրները, դրանց բարելավման ուղիները, սահմանվել է գործողությունների ծրագիր ու ժամկետներ։
Տաթևիկ Սարգսյանն իր ամփոփիչ ելույթում նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ավստրիական զարգացման գործակալության և CARD հիմնադրամի միջև համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն։ «Լիահույս եմ, որ այս համագործակցությունը կշարունակվի և աջակցություն կտրամադրվի նաև մանր եղջերավոր կենդանիների համարակալման ու հաշվառման ծրագրին։ Շատ կարևոր խորքային հարցեր բարձրացվեցին և քննարկվեցին աշխատաժողովի ընթացքում։ Առաջարկում եմ շարունակել նմանատիպ քննարկումները, ստեղծել աշխատանքային խումբ, և այսօր թղթին հանձնած մտքերը դարձնել ծրագիր և ներկայացնել կառավարությանը»,- նշել է նա։
CARD հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել աշխատաժողովի քննարկումների ընթացքում հավաքագրված տեղեկատվության հիման վրա մշակել ՀՀ-ում անասնաբուժական համակարգի բարեփոխման նախնական ծրագիր, որը կշարունակի քննարկվել և լրամշակվել ՀՀ ԷՆ գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից։ Ավարտուն ծրագիրը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կներկայացվի նաև ՀՀ կառավարությանը։
Աշխատաժողովը կազմակերպվել էր ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA)` CARD հիմնադրամի միջոցով։