ՀՀ Նախագահի Այցը Տարածաշրջանի Առաջադեմ Կաթ Արտադրող Անասնապահական Համալիր

29 - մայիսի - 2015

Այսօր տեղի ունեցավ <Էկո Ֆարմ> ՍՊԸ-ի կաթ արտադրող անասնապահական համալիրի բացման հանդիսավոր արարողությունը Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքում, որին ներկա էին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և այլ պաշտոնյա անձինք։

Անասնապահական համալիրի տեխնոլոգիական նախագծումը սկսվել է 2012 թվականից `Էկո Ֆարմ ՍՊԸ-ի, ՔԱՐԴ ԱգրոՍերվիս ՓԲԸ-ի և շվեդական ԴեԼավալ (DeLaval) ընկերության մասնագետների հետ համատեղ։ Ի սկզբանե, որպես գերակա խնդիր դրված է եղել միջազգային առաջադեմ փորձի կիրառումը և բարձր արդյունավետության համակարգերի ներդրումը Հայաստանում:

300 կթու կովերի համար նախատեսված համալիրն իր տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում Եվրոպական և Ամերիկյան որակի և կառավարման չափորոշիչներին։

Համալիրում առաջին անգամ ներ են դրվել մի շարք նորարական տեխնոլոգիական լուծումներ, այդ թվում՝ ամբողջությամբ մեքենայացված <զուգահեռ տիպի> կթի համակարգ, թեթև կոնստրուկցիաներով կառուցված շինություններ անասնաշենքի միկրոկլիմայի արդյունավետ կառավարման համար, կերակրման ավտոմատացված համակարգեր, կովերի ավտոմատ քերիչ խոզանակներ և այլն։

Համալիրում պահվում են Գերմանիայից ներկված տոհմային Ֆլեգվի և Հոլշտին ցեղատեսակի կենդանիներ, ինչպես նաև մսատու Անգուս ցեղատեսակի կովերի փոքր խմբաքանակ, որոնք օգտագործվում են բարձրակարգ մսի արտադրության նպատակով։

Համալիրը արտադրաված կաթը վերամշակում է՝ արտադրելով պրեմիում որակի Չանախ տեսակի պանիր։ Պանրի արտադրամասը նախագծված է՝ հաշվի առնելով HACCP համակարգի նախապայմանային սանիտարական ծրագրերի պահանջները: Համալիրում կիրառվող ժամանակակից սարքավորումները և տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում այն օգտագործել որպես ուսումնափորձնական բազա՝պանրագործների վերապատրաստման համար:

Այս նախաձեռնության հաջողության ամենամեծ գործոնը հիմնադրման պահից համարվել է մասնագետների գիտելիքների և կիրառական հմտությունների շարունակական բարձրացումը: Դեռևս 2012-2013 թթ․-ին, իրականացվել են բազմաթիվ ուսուցողական և ճանաչողական այցեր, գործնական հանդիպումներ և միջազգային խորհրդատու մասնագետների այցելություններ։

Համալիրը ակտիվ համագործակցում է ինչպես Հայաստանյան փորձագետների հետ, այնպես էլ օտարերկրյա խորհրդատուների հետ, մասնավորապես պտղաբեր համագործակցություն է ծավալվել hոլանդական PUM Netherlands Senior Experts կազմակերպության փորձագետների հետ, որոնց պրակտիկ աշխատանքի շնորհիվ զգալի բարելավվել է կերերի պահպանման գործընթացը։