
30 Jul 2025
Ծրագրի հայտարարություն
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից իրականացվող «Սյունիքի կայուն և արդյունավետ տնտեսական զարգացում. գյուղմթերքի վերամշակում» (SEEDS) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) և Ավստրիական Զարգացման Համագործակցության կողմից «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» (R2D Սյունիք) ներքո հայտարարում է գյուղատնտեսական ոլորտում սննդի վերամշակման միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ինչպես նաև բիզնես գաղափար ունեցող անհատների համար դրամաշնորհային ծրագիր։
Դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի ամրապնդել գյուղմթերքի վերամշակման կարողությունները տեղական շուկայական համակարգերում՝ տրամադրելով աջակցություն բացառապես գյուղմթերք վերամշակող ընկերություններին/ անհատներին:
Մրցույթին կարող են դիմել ՀՀ Սյունիքի մարզում գյուղմթերքի վերամշակման ոլորտում գործող, սկսնակ միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ ինչպես նաև բիզնես գաղափար ունեցող անհատներ։
• «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կամ «Վիննեթ Հայաստան» հիմնադրամի կողմից մերժված կամ ծրագրից դուրս մնացած դիմորդները կարող են դիմել CARD հիմնադրամի կողմից հայտարարվող դրամաշնորհային մրցույթին։
• SEEDS ծրագրին կարող են դիմել նաև այն դիմորդները , ովքեր արդեն մասնակցել են «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Վիննեթ Հայասատան» հիմնադրամի կողմից կազմակերպված «Ձեռնարկատիրական գործունեություն» դասընթացին և չեն պատրաստվում դիմել նույն կազմակերպությունների կողմից հայտարարվող դրամաշնորհային մրցույթներին:
SEEDS ծրագրին չեն կարող մասնակցել այն դիմորդները, ովքեր արդեն ստացել են դրամաշնորհ Եվրոպական Միության (ԵՄ) և Ավստրիական Զարգացման Համագործակցության կողմից ֆինանսավորվող և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կամ «Վիննեթ Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին։ Նման շահառուների բազմակի աջակցությունը բացառվում է։ Ծրագիրը հատուկ ուշադրություն կդարձնի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին։
Դրամաշնորհային ծրագրի ընթացքում ՝
• Դրամաշնորհները տրամադրվելու են բացառապես ապրանքային տեսքով՝ սարք-սարքավորումներ;
• Շահառուների դրամային/սեփական ներդրումը պետք է կազմի ծրագրի կողմից ներդրվող սարքավորման/ների արժեքի առնվազն 40%-ը;
• Ծրագրի առավելագույն ֆինանսավորումը՝ մինչև 8,000 եվրո։
• Ծրագրի շրջանակներում դրամաշնորհներից բացի կտրամադրվի նաև աջակցություն վերապատրաստումների և կարողությունների զարգացման միջոցով։ Ծրագրի թիրախային համայնքներում կկազմակերպվեն տեղեկատվական հանդիպումներ՝ հայտադիմումների լրացմանը և գործընթացին առնչվող հարցերին աջակցելու նպատակով։ Հանդիպումների օրերն ու վայրերը կհրապարակվեն ծրագիրը համակարգող կազմակերպության պաշտոնական ալիքներով և կտարածվեն ՏԻՄ-ի կողմից։
Ինչպե՞ս դիմել մրցույթին
Քայլ 1. Ներբեռնե՛ք «Դրամաշնորհային ծրագիրը»։
Քայլ 2. Ներբեռնե՛ք և լրացրե՛ք «Հայտադիմումի ձևը» հայերեն լեզվով և մինչև 2025 թվականի հոկտեմբերի 15-ը, ուղարկեք հետևյալ էլ.փոստի հասցեով՝ card@card.am թեմա (subject) բաժնում գրելով SEEDS դրամաշնորհային մրցույթի հայտադիմում, որից հետո կստանաք էլեկտրոնային նամակ։
• Եթե ունեք Ձեր գործունեությունը նկարագրող հավելյալ նյութեր (նկարներ, տեսանյութեր և այլն), խնդրում ենք կցել դրանք հայտադիմումին։
Քայլ 3. SEEDS ծրագրի պահանջներին բավարարող և հավանության արժանացած նախագծերը կանցնեն գնահատման հաջորդ փուլ, որը նախատեսում է ստուգայց թիմի կողմից։
Քանի որ տրամադրվելիք դրամաշնորհների քանակը սահմանափակ է, ուստի գործընթացը կլինի մրցակցային և կընտրվեն առավել մրցունակ հայտերը։ Չընտրված հայտատուները հնարավորություն կունենան մասնակցելու ծրագրի կողմից առաջարկվող վերապատրաստման դասընթացներին։
Հայտադիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել (+374 60) 440 550 հեռախոսահամարով կամ գրելով card@card.am էլ․ հասցեին 2025 թվականի օգոստոսի 1-ից։
* Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։
** «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը` համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին: Նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 150 մլն. եվրո, այն կարող է հետագայում ավելանալ»։

