
Հիմնադրամը կարևորում է իր և իր հետ փոխկապակցված կազմակերպությունների կորպորատիվ կառավարման համակարգի կատարելագործումը և դրա հետ կապում իր հեռահար կայուն զարգացումն ու ժամանակի մարտահրավերների հաղթահարումը։
Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: Այն իրականացնում է Հիմնադրամի ռազմավարական կառավարումը և վերահսկում Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը:
Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը։
Հոգաբարձուների խորհրդին` իր գործառույթներն իրականացնելու հարցում աջակցում է կորպորատիվ քարտուղարը, ում գործունեության ոլորտներն ընդգրկում են կորպորատիվ կառավարման պրակտիկայի կատարելագործումը, հոգաբարձուների խորհրդի պատշաճ գործունեության ապահովումը, կորպորատիվ տեղեկատվության պահպանումն ու բացահայտումը և փոխհարաբերությունների ապահովումը հիմնական շահառուների հետ։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ձևավորել է ներքին հսկողության աշխատանքային խումբ՝ Հիմնադրամի և դրա հետ փոխկապակցված կազմակերպությունների ներքին հսկողության ու ռիսկերի կառավարման համակարգը բարելավելու նպատակով։ Ներքին հսկողության աշխատանքային խումբը հաշվետու է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին:
Հիմնադրամը և դրա հետ փոխկապակցված ընկերությունները հայաստանյան այն եզակի կազմակերպություններից են, որոնք ընդգրկվել են Հայաստանում գործող Բիզնեսի բարեվարքության ակումբում:
Ընդունելով Հակակոռուպցիոն հռչակագրի սկզբունքները և անդամագրվելով Բիզնեսի բարեվարքության ակումբին` Հիմնադրամն իր հետ փոխկապակցված ընկերությունների հետ մեկտեղ հավաստում է գործարար բարեվարքության սկզբունքներով առաջնորդվելու, ինչպես նաև թափանցիկ, պատասխանատու ու հաշվետվողական կառավարման համակարգ ձևավորելու իր հանձնառությունը։ Ակումբին անդամակցելով՝ Հիմնադրամն իր առջև խնդիր է դրել բարելավել իր և իր հետ փոխկապակցված ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգը, ինչպես նաև իր ներդրումն ունենալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը և խթանել երկրի տնտեսական առաջընթացը։
Ակումբը ձևավորվել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) դրամաշնորհով իրականացվող «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածը ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում։ Ակումբի առաքելությունն է Հայաստանի գործարար միջավայրում բարձր էթիկական և հակակոռուպցիոն չափանիշների խրախուսումը:


