
22 Ապր 2019
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ-ՆՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2019 թվականի ապրիլի 22-ին ԱՄՆ ՄԶԳ-ն՝ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի ու գործընկերների հետ համատեղ նշանավորեց Հայաստանում «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» (ԳՏԶ ՆՏՀ) ծրագրի պաշտոնական մեկնարկը: Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ հանդես եկան բացման խոսքով: Դեսպան Թրեյսին շեշտեց գյուղական տնտեսական և գյուղատնտեսական ոլորտի զարգացման կարևորությունը՝ Հայաստանում լայնածավալ տնտեսական աճ և ռեգիոնալ զարգացում երաշխավորելու հարցում: Ծրագրի ղեկավար Սուսաննա Խաչատրյանը ներկայացրեց ծրագրի նպատակներն ու խնդիրները, որոնք ուղղված են Հայաստանում գյուղական տնտեսական զարգացման խթանմանը:
ԳՏԶ ՆՏՀ ծրագիրը հիմնվելու է Հայաստանի կառավարության, ԱՄՆ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի, ինչպես նաև այլ դոնոր և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված և իրականացվող ծրագրերի, նախաձեռնությունների և գործողությունների վրա, որոնք միտված են Հայաստանի գյուղական տարածքներում առկա տնտեսական մարտահրավերների հաղթահարմանը:
ԳՏԶ ՆՏՀ ծրագրի գործողություններն ուղղված են խթանելու կայուն տնտեսական ապահովությունն ու տնտեսական աճը՝ աջակցելով առնվազն 100 բիզնեսների՝ առնվազն 60 համայնքներում: Ծրագիրը նպաստելու է մարզերում գործող փոքր և միջին ձեռնարկությունների (ներառյալ ֆերմաներն ու կոոպերատիվները) աճին, շուկայական կապերի ստեղծմանը արտադրողների և գնորդների միջև, ինչպես նաև հիմնադրելու է տեղական տնտեսական զարգացումը խթանող ցանցեր: Այն ուղղված է զարգացնելու մրցակցային գյուղատնտեսական ոլորտը՝ բարելավելով գյուղական բիզնեսների և կոոպերատիվների գործունեությունն ու երաշխավորելով վերջիններիս համապատասխանությունը որակի ստանդարտներին:
ԳՏԶ ՆՏՀ ծրագիրն իրականացվելու է CARD հիմնադրամի, «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերության, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» կազմակերպության և «Հիքս, Բրնհեմ էնդ Ուիլիամս» ընկերության համատեղ ջանքերով:
ԱՄՆ ՄԶԳ/ԳՏԶ ՆՏՀ ծրագիրը հինգամյա ծրագիր է, որը մեկնարկել է 2019 թվականի փետրվարի 15-ին և ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից:

