
05 Մրտ 2020
Խաղողի վազի խնամք և ձմեռացման նախապատրաստում՝ առանց վազերը ծածկելու գործընթացի
2020թ․ մարտի 5-ին Արարատի մարզի Լուսառատ գյուղում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ միջոցառում՝ խաղողի վազի ճիշտ խնամքի և ձմեռացման նախապատրաստման արդիական տեխնոլոգիայի վերաբերյալ, որի արդյունքում ֆերմերը կխուսափի վազերը աշնանը թաղելու և գարնանը հանելու ծանր ֆիզիկական աշխատանքից։ Մասնակիցները նաև տեղում ծանոթացան տեխնոլոգիայի առավելություններին, քանի որ միջոցառման վայրին կից գտնվում էր այգի, որտեղ արդեն իսկ կիրառվել էր տեխնոլոգիան: Միջոցառմանը ընթացքում ՔԱՐԴ Ագրոկրեդիտ ՈՒՎԿ-ի ներկայացուցիչը մասնակիցներին ծանոթացրեց «Ուրախ ֆերմեր» վարկատեսակի հետ, որն առաջարկում է դյուրին և հասանելի վարկեր՝ նշված հումքը ձեռք բերելու նպատակով:
Այս տեխնոլոգիան կիրառելու դեպքում կարիք կլինի օգտագագործել հատուկ հանքային պարարտանյութեր, ինչը ոչ միայն բույսը կդարձնի ցրտադիմացկուն, այլ նաև կամրացնի խաղողի վազի արմատային համակարգը: Սա նաև իր հերթին կնպաստի բույսի սնուցման բարելավմանը՝ ամրացնելով իմունային համակարգն ու դիմացկությունը կլիմայական և ոչ կլիմայական սթրեսներին։ Այս տեխնոլոգիայի կիրառումը կբացառի որոշ պարարտանյութերի օգտագործման կարիքը՝ ոչ միայն կրճատելով ավելորդ ծախսերը, այլ նաև բարելավելով խաղողի վազի բերքատվությունն ու որակը։ 2019 թվականին այս տեխնոլոգիան կիրառվել է Վայոց ձորի և Արարատի մարզերում (6 տարբեր ֆերմաներում), որի արդյունքում գրանցվել է 20-ից 25% բերքատվության աճ, ինչպես նաև ստացվել են բարձրակարգ խաղողներ։

