
12 Հկտ 2021
RED-NEO ծրագրի շահառուները մասնակցում են «ՊանԱրմենիան էքսպո-2021» ցուցահանդեսին
Օրերս Երևան Էքսպո կենտրոնում անցկացվեց «ՊանԱրմենիան էքսպո-2021» ցուցահանդես-ֆորումը, որի նպատակն է բարձրացնել հայրենական արտադրանքի ճանաչման պահանջարկը՝ միաժանամակ խթանելով Հայաստանի և արտերկրի միջև համատեղ գործարար և ներդրումային ծրագրերը։
ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում. նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի շահառուները հնարավորություն ստացան իրենց արտադրանքը ցուցադրելու՝ հետագայում արտադրանքը միջազգային շուկաներ արտահանելու հեռանկարներով։
Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Վերջինս ցանկություն էր հայտնել ծանոթանալու RED-NEO ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած կազմակերպությունների և վերջիններիս հաջողության պատմությունների հետ։
«Նման ցուցահանդեսներին մասնակցելով՝ այն բիզնեսները, որոնք ցանկանում են իրենց ուրույն տեղը զբաղեցնել շուկայում կամ ընդլայնել իրենց մասնաբաժինը, գերազանց հնարավորություն են ստանում այդ ուղղությամբ։ Հայաստանում գործում են հաջողակ ձեռնարկատերեր, և մենք իրապես հիանալի ժամանակ անցկացրեցինք՝ ծանոթանալով տարբեր արտադրողների հետ և համտեսելով վերջիններիս արտադրանքը», – նշեց տիկին Թրեյսին։

