
30 Հկտ 2021
10 Օրյա վերապատրաստում նասնաբույժների համար Արցախում
Իր հիմնադրման պահից ի վեր «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ն հետամուտ է եղել անասնաբուժության ոլորտում կրթական որակի բարձրացմանը շարունակական ուսուցման միջոցով՝ երաշխավորելով անասնաբույժների շրջանում մասնագիտական գիտելիքների և փորձառության առկայությունը։
Ասոցիացիայի կողմից բազմիցս կազմակերպվել են դասընթացներ և վերապատրաստումներ գյուղատնտեսական կենդանիների մասնավոր անասնաբուժության կարևորության, եղջերատման, անասնաբուժական վիրահատությունների և փոքր միջամտությունների, արհեստական սերմնավորմամբ գենետիկական հատկանիշների բարելավման և այլ թեմաներով։ Ուրախալի է, որ վերապատրաստումներում ընդգրկվել են նաև Արցախի Հանրապետության մասնագետները։
Վերջերս «ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» ֆինանսավորմամբ Անասնաբույժների ազգային ասոցիացիա ՀԿ-ի կողմից իրականացվող «Արցախի Հանրապետությունում մասնավոր անասնաբուժության կայուն սպասարկում» նախագծի շրջանակներում ասոցիացիայի կողմից իրականացվեց արցախցի հինգ անասնաբույժների 10-օրյա վերապատրաստումը։ Դասընթացները բաղկացած էին ինչպես տեսական, այնպես էլ գործնական փուլերից և հագեցած էին ոլորտի վերաբերյալ հիմնարար գիտելիքներով։ Հատկապես նշանակալից էր գործնական փուլը, որն իր մեջ ներառում էր աշխատանքներ ՀԱԱՀ Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնի տեխնոլոգիապես հագեցած և մուլյաժներով կահավորված լսարանում, ինչպես նաև տպավորիչ այցելություն Նոր Գյուղ համայնքում տեղակայված Խոզերի գենետիկական կենտրոն և ծանոթություն վերջինիս գործունեության հետ։
«Մենք վստահեցնում ենք, որ նման միջոցառումները հարատև բնույթ են կրելու և ասոցիացիան շարունակելու է իրագործել իր առաքելությունն ի նպաստ անասնաբուժական գործի զարգացման և անասնաբուժական ծառայության որակի բարձրացման»,- նշեց Անասնաբույժների ասոցիացիայի նախագահ Արման Օհանյանը։

