
20 Հկտ 2021
ԱրմՊրոդԷքսպո միջազգային մասնագիտացված ցուցահանդես
Օրերս Երևան Էքսպո կենտրոնում անցկացվեց հերթական «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական տնտեսական զարգացում. նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի աջակցությամբ ոչ միայն ծրագրի շահառուները հնարավորություն ստացան մասնակցելու ցուցահանդեսին, այլև մի շարք հայ արտադրողներ, որոնց ծրագիրն աջակցում է ապրանքանիշի ճանաչելիության բարձրացման և շուկայում արտադրանքի առաջմղման հարցում։
«ԱրմպրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության և հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, հաստատել գործարար կապեր և խթանել արտահանումը:
Նախորդ ցուցահանդեսով և հայ արտադրողների հետ ծանոթությամբ տպավորված՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ցանկություն հայտնեց ներկա գտնվելու նաև այս ցուցահանդեսին և զրուցելու RED-NEO ծրագրի շահառուների հետ։
«Առաջին տպավորությունից կարող եմ փաստել, որ Հայաստանում գործում են չափազանց տաղանդավոր ձեռնարկատերեր` մարդիկ, ովքեր պատրաստ են ռիսկի դիմել, աշխատում են ագրոբիզնեսի ոլորտում և հաջողության են հասնում այնտեղ։ Դա նկատելի է բազմաթիվ` օրինակ՝ պտուղ-բանջարեղենի և համեմունքների ոլորտներում։ Չմոռանամ նշել նաև գինու ոլորտը, քանզի այստեղ հանդիպել ենք իրապես հիանալի գինեգործների», նշեց տիկին Թրեյսին։

