11 Հնս 2024
Ցորենի և ալյուրի ոլորտի հետազոտություն Հայաստանում
Ս/թ հունիսի 3-ից 7-ը աշխատանքային այցով Հայաստան էին ժամանել ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) ներկայացուցիչները և Կանզասի համալսարանի կողմից կազմված աշխատանքային պատվիրակությունը։ ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ Կանզասի համալսարանը ՀՀ-ում իրականացնում է ցորենի և ալյուրի արտադրության ոլորտի ուսումնասիրություն՝ համագործակցելով CARD հիմնադրամի հետ։ Ծրագրի անվանում է «Ցորենի և ալյուրի ոլորտի հետազոտություն Հայաստանում»։
Ծրագրի նպատակն է որպես պարենային անվտանգության հիմնախնդիր ՀՀ-ում բարելավել ցորենի արտադրության որակն ու բարձրացնել արդյունավետությունը՝ դարձնելով այն քիչ ծախսատար և ավելի եկամտաբեր գործունեություն։ Ծրագրի շրջանակում համատեղ ջանքերը ուղղված կլինեն ցորենի ոլորտում անհատ արտադրողների աջակցությանը, ինչպես նաև սերմարտադրող կայաններին՝ զարգացնելու արտադրական, նաև խորհրդատվական ծառայությունների մատուցման կարողությունները։
Տվյալ ծրագրի շրջանակում նպատակ է հետապնդվում նաև ստեղծել համակարգեր, որոնք կապահովեն ոլորտի մշտական զարգացումն ու արդիականացումը ներկա շուկայական պահանջներին համապատասխան։