16 Հկտ 2024
ՀՀ-ում ներդրվում է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգ
2025թ․ մեկնարկվող մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրին ընդառաջ ս․թ․ սեպտեմբերի 16-ից մինչև սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում էին մասնագետներ Ավստրիայի գյուղատնտեսական միավորումից։
Միավորումը զբաղվում է գյուղատնտեսության զարգացմանն ու խրախուսմանն ուղված ծրագրերի իրականացմամբ Ավստրիայում՝ այդ թվում նաև այծաբուծության և ոչխարաբուծության ոլորտների զարգացմամբ։
Հյուրընկալվել են Ավստրիայի մանր եղջերավոր կենդանիների ասոցացիայի նախագահ Յոզեֆ Ստոքլը և Ավստրիայի Գյուղատնտեսական միավորման ղեկավար Հերման Վիզերը, ովքեր այցի շրջանակներում ներկայացրել են Ավստրիայի այծաբուծության և ոչխարաբուծության համակարգերի փորձը։
Ավստրիացի մասնագետները քննարկել են հետևյալ թեմաները՝
- Ավստրիայի գյուղատնտեսության միավորումը, կառուցվածքը, ծրագրերը և դերը այծաբուծության և ոչխարաբուծության զարգացման գործում,
- Ավստրիայում այծաբուծության և ոչխարաբուծության զարգացման պատմությունը,
- Մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը,
- Այծաբուծության և ոչխարաբուծության ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառությունը:
Այցի շրջանակներում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Ավստրիայի այծաբուծության և ոչխարաբուծության համակարգերի ներկայացում» խորագրով աշխատաժողով։
Աշխատաժողովին ներկա են գտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ ՍԱՏՄ, CARD հիմնադրամի, ՀԱԱՀ-ի, ՀՀ ոչխարաբուծության ասոցիացիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող ֆերմերներ։
Ինչպես նաև փորձագետները հնարավորություն ունեցան այցելել մանր եղջերավոր կենդանիների ֆերմաներ, հանդիպել ֆերմերների և անսնաբույժների հետ։
Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և փորձի փոխանակման միջոցառումներն ուղված ՀՀ-ում մանր եղջերավոր կենդանիների համակարգի բարելավմանն ու համարակալման համակարգի ներդրման գործառույթներում։
Փորձագետների այցը կազմակերպվել էր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ CARD հիմնադրամի միջոցով։