12 Նոյ 2024
Գինու ու տնկիների արտադրություն մեկ վայրում
Գինեգործության համար տնկիների արտադրության ծրագիրը սկսել էինք դեռևս ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարքեթինքի աջակցության ծրագրի շրջանակներում (USDA MAP) 2000-2001 թվականներին՝ ունենալով հեռահար նպատակ՝ ստեղծելու բարձրորակ, վիրուսազերծ, ֆիլոքսերադիմացկուն տնկիների արտադրություն Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում։ Տնկիներն սկզբում ներկրվում էին Ֆրանսիայից, ԱՄՆ-ից ու այդ ժամանակ CARD-ը հիմնեց առաջին կաթիլային ոռոգվող խաղողի այգին։
Հեռանկարում տնկարան ունենալն էր։ Ծրագիրը ավելի լայն թափ ստացավ, երբ «Ագրոտրենդ» ընկերությունը մի քանի տարի առաջ իր հովանու տակ վերցրեց ծրագրի իրականացումը՝ համագործակցելով Ֆրանսիայի խաղողագործության և գինեգործության ինստիտուտի հետ։ Այսօր այդ տարածքում արտադրվում են ոչ միայն խաղողի տնկիներ, այլև գործում է գինիների համտեսի համար նախատեսված վայր, ԱՄՆ ՄԶԳ (US AID) ու Գերմանական զարգացման գործակալության աջակցությամբ (GIZ) հիմնվել է փոքրիկ փորձացուցադրական գինու արտադրամաս ու բարձրորակ գինիներ։
Հատկանշական է «Ագրոտրենդ» ընկերության տնօրեն Աննա Կարապետյանի և խաղողագործության զարգացման ավագ մասնագետ Արտուշ Կարապետյանի դերը այդ ծրագրի իրականացման գործում։ Մեծ է ներդրում է ունեցել Արտուշ Կարապետյանը հոյակապ այգիների ստեղծման ու դրանց կառավարման գործում։ Ձեռք է բերվել լրացուցիչ տարածքներ ու տնկվել արդեն Ֆրանսիայի գինեգործության ու խաղողի ինստիտուտից ձեռք բերված տարբեր սորտերի տնկիներ։ Այդ ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում իրականացվում է խաղողի տեղական սորտերի ուսումնասիրում, հետագայում այդ սորտերի բազմացման ակնկալիքով։
Վերջերս թիմին միացավ Տիգրան Հայրապետյանը ու նոր շունչ հաղորդեց աշխատանքներին։ Թիմի անդամ է նաև գերմանացի մասնագետ Ռայներ Ռոտիգերը։
Մի քանի տարվա արդյունքում այժմ արդեն Այգեհովիտում 6 սորտի խաղող է արտադրվում, և շուտով կսկսվի հայկական սորտերից տնկանյութի արտադրությունը։ Այս տարի 6000 տնկիներ կվաճառվեն ծրագրի առաջին շահառուներին։ Վաճառքի է պատրաստ բարձրորակ գինիների առաջին խմբաքանակը։
Երբ չենք դադարում երազել, մի օր տեսնում ենք արդյունքները․․․