
13 Մյս 2015
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է 7-ՐԴ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում, Արմավիրի մարզի Նորապատ համայնքում հիմնել է Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն (ԳՍԿ): Նոր ստեղծված Կենտրոնը նպաստելու է այգեգործության զարգացմանը և առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի տարածմանը և առաջխաղացմանը:
Կենտրոնի բացման արարողությունը կայացավ ս․թ․-ի մայիսի 12-ին, որին ներկա էին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ, CARD հիմնադրամի և ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցիչներ, որոնք իրականացնում են «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագիրը։
«Սա արդեն նմանատիպ 7-րդ սպասարկման կենտրոնն է: Այն Արմավիրի մարզում առաջին կենտրոնն է, սակայն վերջինը չի լինելու: Մենք շատ ենք կարևորում այս կենտրոնների նշանակությունը, որը պետություն-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակ է», բացման խոսքում նշեց Գյուղատնտեսության նախարար պարոն Սերգո Կարապետյանը։
«ԱՄՆ կառավարությունը գյուղական համայնքներին և ֆերմերներին աջակցություն տրամադրելը առաջնային է համարում, քանզի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայ ֆերմերները տարածաշրջանում ամենաարդյունավետներից են։ Մենք հավատացած ենք, որ գյուղական համայնքներում հետագա աճի և զարգացման համար մեծ ներուժ կա», նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
Կենտրոնը մի շարք ծառայություններ կտրամադրի տեղի ֆերմերներին և մշտական կապ կստեղծի՝ այգեգործության, վերամշակման և ֆերմերային տնտեսությունների կառավարման նորագույն տեխնոլոգիաներ մատակարարող աշխարհահռչակ ընկերությունների և հայ ֆերմերների միջև: Կենտրոնում կգործի ժամանակակից լաբորատոր սարք հողի, ջրի և բույսի անալիզներ իրականացնելու համար, ինչպես նաև էական դեր կխաղա շուկայական կապերի դյուրացման և Ֆերմերների ու գյուղական ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության գործում:

