
28 Հկտ 2015
«Կովերի արդյունավետ երկարակեցություն» խորագրով համաժողով
Ս․թ․ հոկտեմբերի 21-22-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Կովերի արդյունավետ երկարակեցություն» խորագրով միջազգային համաժողով։ Համաժողովը կազմակերպել էին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը և DeLaval ընկերությունը։ Համաժողովին մասնակցեցին 90-ից ավելի մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, ՈՒկրաինայից, Ղազախստանից, ԼՂՀ-ից, Իսրայելից և Շվեդիայից։ Բոլոր մասնակիցները մեծապես հետաքրքրված էին կաթնատու նախրի արդյունավետ երկարակեցության և դրա ապահովման գործնական խնդիրներով։ Արդեն երրորդ անգամն է, ինչ DeLaval-ը հանդես է գալիս նման նախաձեռնությամբ (առաջին համաժողովն անց է կացվել Սանկտ Պետերբուրգում, երկրորդը՝ Տյումենում)։
Համաժողովը բացեցին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Թաթուլ Ստեփանյանը, DeLaval RUCAR ընկերության նախագահ Նիկոլայ Տիմոշենկոն, ինչպես նաև CARD և CARD AgroService ընկերությունների տնօրեն Գագիկ Սարդարյանը։
Համաժողովի նպատակն էր ֆերմերների համար ևս մեկ անգամ վեր հանելու այն բոլոր առավելությունները, որոնք բխում են կովերի արդյունավետ երկարակեցությունից։ «Կովերի արդյունավետ երկարակեցություն» գաղափարը ենթադրում է կովերի երկարատև, հարմարավետ և բարեկեցիկ կյանքը նախրում։ Որպեսզի կովերի կյանքի տևողությունը երկարի, իսկ որակը բարելավվի, անհրաժեշտ է կենդանիների համար անասնաշենքում ստեղծել հարմարավետ պայմաններ, զերծ պահել նրանց անհարկի սթրեսից, ապահովել շուրջօրյա կերով, ինչպես նաև վերացնել հիվանդությունները, ինչպիսիք են կենդանիների կաղությունը, վերարտադրողական խնդիրները, կճղակների հիվանդությունները և այլն։ Կովերին ապահովելով երջանիկ և հարմարավետ կյանքով՝ հնարավոր է բարձրացնել կաթնատվության մակարդակը
Համաժողովի ընթացքում քննարկվեցին կովերի արդյունավետ երկարակեցության ապահովման հարցերը Հայաստանի բնակլիմայական յուրահատկությունների համատեքստում։ Քննարկվող հարցերից էին՝ կովերի հարմարավետության բարձրացումը, ջերմային սթրեսի կառավարման անհրաժեշտությունը, կենդանիների արդյունավետ կառավարման խնդիրները արտադրական շղթայի տարբեր փուլերում, վերարտադրության գործնական խնդիրները և կաթնատու նախրի կճղակների առողջությունը։
Օտարերկրյա մասնագետներն իրենց ելույթներում հիմնական շեշտը դնում էին կենդանիների կերակրման, կիթի և կովերի հարմարավետության վրա։ «Եթե սկզբնական շրջանում հստակ սահմանեք կերակրման ժամը, սիլոսի քանակը, կովերին կառավարելու տեխնիկան, ինչպես նաև կարողանաք հասկանալ կովերի ազդանշանները և որ ամենակարևորն է այս ամենը ճիշտ իրականացնեք, ապա մեծ ապագա կունենաք», նշեց խոսնակներից Լիոր Յարոնը։

