
02 Դկտ 2015
ԱՄՆ դեսպանի առաջին այցը CARD հիմնադրամ
ԱՄՆ դեսպանատան կողմից նախաձեռնած Գյուղատնտեսության և Գյուղի Զարգացման միամսյակի շրջանակում, ս․թ․ նոյեմբերի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսն այցելեց «Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն» (CARD) հիմնադրամի գրասենյակ։
Հարգարժան դեսպանը հանդիպեց CARD հիմնադրամի անձնակազմի հետ՝ նրանց հետ ունենալով կարճ զրույցներ։ Որպես այցի մի մաս՝ CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը համառոտ ներկայացրեց USDA-ի և CARD-ի համատեղ պատմությունը՝ շեշտը դնելով ոլորտի զարգացումների և նվաճումների վրա, մասնավորապես, ԱՄՆ Կառավարության, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի հետ համագործակցության շրջանակներում։
Դեսպան պարոն Միլսը և CARD հիմնադրամի կառավարման խորհրդի անդամները միասին քննարկեցին գյուղատնտեսության և դրա հետ առնչվող խնդիրներ, մասնավորապես՝ գյուղական համայնքներում վարկերի հասանելիության, տեղական արտադրանքների բրենդավորման, Հայաստան-Թուրքիա սահմանի բացման, հարևան պետությունների հետ Հայաստանի առևտրային կապերի, սննդի անվտանգության, ինչպես նաև մի շարք այլ հարցեր։
Հանդիպման ընթացքում դեսպան պարոն Միլսը, անդրադառնալով Գյուղատնտեսության և Գյուղի Զարգացման միամսյակին, նշեց․ «Միամսյակը հնարավորություն տվեց ինձ ևս մեկ անգամ արժևորելու գյուղատնտեսության դերը երկրի տնտեսության մեջ։ Հայաստանում գյուղատնտեսությունն այնքան զարգացած չէ, որքան կարող էր լինել։ Ոլորտում անելիքները դեռևս շատ են։ Մարզեր այցելություններից հետո տեսա, թե որքան մեծ տարբերություն կա Երևանի և գյուղական համայնքների միջև։ Մյուս կողմից, այս ընթացքում ես ականատես եմ եղել նաև մի շարք հաջողված ձեռնարկների գյուղատնտեսության ոլորտում»։
Այցելության վերջում դեսպանը լուսանկարվեց CARD-ի անձնակազմի հետ։

