
25 Հլս 2016
Ծանոթացում Չինաստանի փորձին
Չինաստանը գյուղատնտեսության զարգացմամբ առաջատար երկրներից մեկն է, որը մատակարարում է մեծ քանակությամբ մթերքներ ոչ միայն ներքին շուկային, այլև ամբողջ աշխարհին։ Չինաստանի բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության մոտ 20%-ը։ Մինչդեռ երկրում կան սոցիալական տարբեր շերտեր, որոնց հարկավոր է ապահովել առողջ և բավարար քանակությամբ սննդով։ Այստեղ հարց է ծագում․ ինչպե՞ս է Չինաստանն օգտագործում իր ենթակառուցվածքները՝ ներքին շուկայի պահանջները բավարարելու համար։
Չինաստանի փորձով կիսվելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Չինաստանի գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ս.թ. ապրիլի 28-ից մայիսի 27-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կազմակերպեց «Ազգային գյուղատնտեսական խորհրդատվական և ծառայություններ մատուցող կենտրոններ» խորագրով մեկամսյա դասընթաց հատուկ Հայաստանի ներկայացուցիչների համար։ Ծրագրի նպատակն էր ուսուցանել հայ Ֆերմերներին, ինչպես նաև նրանց, ովքեր հետաքրքրված են Չինաստանի գյուղատնտեսության ոլորտում կիրառվող մոտեցումներով և գործընթացներով։ Դասընթացին մասնակցում էին ընդհանուր առմամբ 20 ներկայացուցիչներ ֆերմերների միավորումից, ԳԱՄԿ-ից, Բերքի առաջմղման կենտրոնից, 6 ներկայացուցիչներ Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոններից, ինչպես նաև «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն»-ի (CARD) 4 աշխատակիցներ՝ Հարություն Համբարձումյանը և Արթուր Ասատրյանը Պահեստավորման բաժնից, Նարեկ Թադևոսյանը՝ Ծրագրի զարգացման, մոնիտորինգի և գնահատման բաժնից և Գևորգ Շահբազյանը՝ Արտադրության և ծառայությունների բաժնից։ 30 օր տևողությամբ ծրագրի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները ստացան արժեքավոր գիտելիքներ և ծանոթացան Չինաստանի գյուղատնտեսական տարբեր ենթակառուցվածքների հետ։Խմբի անդամները բարձր են գնահատում ընձեռնված հնարավորությունը՝ տեղում ծանոթանալու և գործնական գիտելիքներ ստանալու երկրում կիրառվող գործելակերպերի վերաբերյալ։ Նրանք այցելել են մի շարք գործարաններ, ծանոթացել պարարտանյութերի, հավկիթների, ինչպես նաև տրակտորների արտադրությանը։ Հանդիպել են ֆերմերների հետ, այցելել տարբեր ջերմոցներ։ Նրանք նկատել են մի շարք ընդհանրություններ Չինաստանի և Հայաստանի ջերմոցային ոլորտների միջև։ Տեղեկացել են նաև, որ չինացիներն օգտագործում են պոլիէթիլենային պլաստիկ ծածկեր՝ խոնավությունը պահելու նպատակով, երբ բերքը դեռևս ծլարձակման փուլում է գտնվում։ Խմբի մասնակիցները նշեցին, որ այդ մեթոդն այդքան էլ կիրառելի չէ Հայաստանում, որովհետև այստեղ բավականին քամոտ է։
Հայաստանի խմբի ներկայացուցիչները շատ տպավորված էին չինացի ժողովրդի ջանասիրությամբ և նշեցին, որ գուցե հենց դա է Չինաստանի զարգացման գլխավոր գրավականներից մեկը։ Երկիրը խնդիր ունի կերակրելու աշխարհի բնակչության 20% -ին, և դա այդքան էլ հեշտ գործ չէ։

