
28 Նոյ 2016
Կարողությունների զարգացում ջերմատնային մշակության ոլորտում
Նոյեմբերի 14-17-ը CARD հիմնադրամում հյուրընկալվեց հոլանդական Դելֆի ընկերության ներկայացուցիչ՝ պարոն Ստեֆան Հենդրիքսը։ Դելֆի ընկերության հետ համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2014 թվականին՝ Նիդերլանդների կառավարության` EP Nuffic հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ջերմատնային մասնագիտացված մշակություն» ծրագրի շրջանակներում, որն ուղղված է CARD-ի և վերջինիս գործընկերների շրջանում գիտելիքների և հմտությունների զարգացմանն ագրոնոմիայի բնագավառում։ Ծրագրի առաջին փուլի արդյունքում մի շարք ագրոնոմներ հնարավորություն են ստացել վերապատրաստվելու ինչպես Հայաստանում, այնպես էլ Հոլանդիայում։ 2016 թվականի ապրիլից իրականացվում է ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակներում շարունակվում է հատուկ CARD-ի կարիքներին և պահանջներին հարմարեցված դասընթացների իրականացումը` Դելֆի ընկերության հետ համատեղ։
Իր այցի շրջանակներում պարոն Հենդրիքսը 2 դասընթաց անցկացրեց վարունգի և պղպեղի մշակության և բույսերի պաշտպանության թեմաներով։ Առաջին դասընթացը նախատեսված էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների, պրոֆեսիոնալ ագրոնոմների և CARD-ի մասնագետների համար, իսկ երկրորդ օրը լսարանը բաղկացած էր հիմնականում ջերմոցատերերից և բանջարեղեն մշակողներից։ Դասընթացն անցավ բավականին ինտերակտիվ մթնոլորտում և ներկաները փորձեցին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները՝ հարցադրումների և քննարկումների միջոցով։
Խիստ կարևորելով գործնական բաղադրիչը, Պարոն Հենդրիքսն այցելեց վարունգի և պղպեղի ջերմատներ՝ տեղում խնդիրների բացահայտման և խորհրդատվության տրամադրման նպատակով։ CARD-ն արժևորում է Հոլանդիայի կառավարության կողմից տրամադրվող աջակցությունն ու ակնկալում, որ նմանատիպ ծրագրերի հարատևությունը կխթանի ոլորտի զարգացումը մեր երկրում։

