10 Ապր 2023
ԿՀՀ փորձագետ Ռուդոլֆ Մոզերի այցը Հայաստան
Մարտի 27-ից 31-ը ՀՀ-ում հյուրընկալել էինք «Ագրարմարկտ Ավստրիա» կազմակերպության միջազգային փորձագետ, Ավստրիայի ԿՀՀ փորձագետ Ռուդոլֆ Մոզերին։
Այցի առաջին օրը փորձագետը ծանոթացավ ԱԳԶԿ հիմնադրամի ԿՀՀ ծրագրի թիմի հետ, այնուհետ տեղի ունեցան հանդիպումներ պետական գերատեսչություններում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի հետ։ Հանդիպումների ընթացքում Ռուդոլֆ Մոզերը ծանոթացավ ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի ընթացքին, կիսվեց ավստրիական հաջողված փորձով և հանդես եկավ ծրագրի բարելավման առաջարկներով։
Փորձագետը այցեր իրականացրեց նաև Արարատի մարզի երկու ֆերմաներ, հանդիպեց անասնաբույժների և համաճարակաբանների հետ, ներկա գտնվեց կենդանու համարակալման ու հաշվառման ամբողջական գործընթացին։
Այցի հաջորդող օրերին փորձագետը հանդիպես ԱՆԻՊԱՍ համակարգի օպերատորին, ծանոթացավ համակարգի գործառույթներին և հնարավորություններին ու հանդես եկավ առաջարկներով։ Նա նաև այցելեց Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում գործող «ՍմարթԱգրո» ընկերություն և ծանոթացավ խոզերի գենետիկական կենտրոնի աշխատանքներին։
Ռուդոլֆ Մոզերի հագեցած այցի ամենանշանակալից և եզրափակիչ մասն էր «ԿՀՀ համակարգը Ավստրիայում և Հայաստանում» աշխատաժողովը, որը կազմակերպվել էր համապետական ծրագիրն իրականացնողների և շահառուների համար։
Չափազանց օգտակար էր ավստրիացի փորձագետի այցը և ավստիրական փորձի ուսումնասիրությունը ՀՀ-ում ԿՀՀ համակարգի ներդրման և սննդի անվտանգության բարելավման տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ Ավստրիան արդեն 25 տարի առաջ է անցել այն ճանապարհով, որով հիմա անցնում է Հայաստանը։
Այցի կարևորությունը շեշտեցին նաև պետական գերատեսչությունների ներկայացուցիչները, ովքեր փորձագետի խորհուրդների հիման վրա պատրաստվում են հանդես գալ համակարգային բարեփոխումների առաջարկներով։ Այս տարեվերջին ևս մեկ անգամ նախատեսվում է կազմակերպել ավստրիացի փորձագետների այց ՀՀ։
* Ավստրիացի փորձագետ Ռուդոլֆ Մոզերի այցը կազմակերպվել էր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
** «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը՝ ԱԳԶԿ (CARD) հիմնադրամի միջոցով: