14 Նոյ 2024
ԿՀՀ համակարգի վերաբերյալ ճանաչողական այց Ավստրիա
Կարևորելով փորձի փոխանակումը` շարունակում ենք կազմակերպել այցելություններ դեպի Ավստրիա «Կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի շահառու պետական գերատեսչությունների ներկայացուցիչների համար ՝ ծրագրի շարունակականությունն ու կայունությունը ապահովելու նպատակով:
Այս անգամ հայկական պատվիրակությունը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Սարգսյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 14-18-ը գտնվում էր Ավստրիայում։ Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ ԷՆ ներկայացուցիչ Հովհաննես Մկրտչյանը և CARD հիմնադրամի ներկայացուցիչ Նազելի Գրիգորյանը։
Ավստրիան և Հայաստանը ունեն նման աշխարհագրական առանձնահատկություններ, ինչը նպաստում է երկու երկրների միջև գյուղատնտեսական փորձի փոխանակմանը: Երկուսն էլ հիմնականում լեռնային երկրներ են, որտեղ տարածքի սահմանափակումները և գյուղատնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը կենտրոնացնում են զարգացումն ընտանեկան փոքր և միջին տնտեսությունների վրա, ինչն էլ նպաստում է հատուկ, բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի արտադրությանը:
Այդ նմանությունները Հայաստանի համար հնարավորություն են ստեղծում սովորելու Ավստրիայի փորձը, կիրառելու համանման ռազմավարություններ և բարելավելու գյուղատնտեսական ոլորտը՝ հիմնվելով լավագույն պրակտիկայի և փորձի վրա։ Ավստրիան հաջողությամբ զարգացնում է գյուղատնտեսությունը և մշակում է խելացի ու կայուն գյուղատնտեսական մեթոդներ, որոնք կարող են օգտակար լինել նաև Հայաստանի համար: Բացառություն չէ նաև Ավստրիայի կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը և այն իրականացնող Ագրարմարքտ Ավստրիա գործակալության փորձագետների ներգրավվածությունը, ում շնորհիվ մշակվել է համապետական ԿՀՀ ծրագիր Հայաստանի համար։
Այցի շրջանակում կազմակերպվել էր հանդիպում Ավստրիայի Գյուղատնտեսության, անտառային, շրջանային և ջրային տնտեսության դաշնային նախարարությունում, որտեղ փոխնախարար տիկին Տաթևիկ Սարգսյանին և պատվիրակությանը դիմավորեց փոխնախարար պարոն Մարկուս Հոֆները և ներկայացրեց Ավստրիայի գյուղատնտեսության 2023-2027 թթ. ռազմավարությունը։ Նախարարության մասնագետները ևս ներկայացրեցին ներկայումս Ավստրիայում իրականացվող գյուղատնտեսական, շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և սուբսիդավորման ծրագրերը։
Պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալու «Ագրարարքտ Ավստրիա» պետական գործակալության կողմից իրականացվող խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգին և այն ապահովող գործընթացներին։ Ներկայացվեց համակարգի ամբողջական մեխանիզմը՝ կենդանու գրանցումից մինչև դուրս գրում։
Այցը բազմաբնույթ էր և ներառում էր այցելություններ ու հանդիպումներ Ավստրիայի տարբեր գյուղատնտեսական կենդանիների ասոցիացիաներում՝ տավարաբույծների, մանր եղջերավոր կենդանիների, թռչնաբույծների և մեղվաբույծների։ Ասոցիացիաների ներկայացուցիչները մանրակրկիտ ներկայացրեցին կենդանիների համարակալման ու հաշվառման համակարգերը, ինչպես նաև տվյալների էլեկտրոնային համակարգը, որտեղ հավաքագրվում է տեղեկատվություն կենդանիների, անասնատերերի ու անասնաֆերմաների վերաբերյալ։
Այցելություն եղավ նաև Պիրայի գյուղատնտեսական դպրոց, որտեղ 13 տարեկանից մասնագիտական կրթություն են ստանում ֆերմերների երեխաները՝ ֆերմաների արդյունավետ կառավարումը շարունակելու համար։ Դպրոցն ունի 160 հեկտար տարածք, որտեղ կան կաթի վերամշակման, պանրի արտադրության, գյուղատնտեսական մեքենաների և փայտագործության արհեստանոցներ, լաբորատորիաներ և այլն։ Այնտեղ առկա է նաև ժամանակակից բաց պահվածքի անասնաշենք՝ 300 գլուխ ֆլեգվի ցեղի կաթնատու կովերի համար, որը հագեցած է ավտոմատացված կերակրման, կթի և գոմաղբի հեռացման համակարգերով։ Ուսանողներն ստանում են տեսական և պրակտիկ դասընթացներ, ներառելով ֆերմայից մինչև պատառաքաղ ողջ շղթան։
Այցը ներառում էր նաև Ստորին Ավստրիայի անասնաբուժական դեպարտամենտի այցելություն, որտեղ ներկայացվեց անասնաբուժական համակարգի կառուցվածքը, անասնաբուժական էլեկտրոնային տեղեկատվական բազան և փոքր սպանդանոցների աշխատանքը։
Նմանատիպ այցերը չափազանց կարևոր են ՀՀ-ում ԿՀՀ ծրագրի արդյունավետ և անխափան ընթացքի ու շարունակականության ապահովման համար։