22 Հնս 2026
Անասնաբուժական համակարգի բարեփոխմանը նվիրված աշխատաժողով
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի նախաձեռնությամբ և CARD հիմնադրամի աջակցությամբ և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ 2026 թվականի հունիսի 19–21-ը Ծաղկաձորում անցկացվեց անասնաբուժական համակարգի բարեփոխմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը։
Աշխատաժողովի նպատակն էր համատեղ մշակել ՀՀ անասնաբուժական համակարգի բարելավմանն ուղղված առաջարկություններ և գործողությունների ծրագիր, որը կարող է հիմք հանդիսանալ ոլորտի հետագա բարեփոխումների և պետական քաղաքականության զարգացման համար։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՍԱՏՄ-ի, ԳԾԿ ՊՈԱԿ-ի, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Անասնաբույժների ասոցիացիայի, ԿԳՄՍ նախարարության, ՄԿՈՒ ոլորտի, լաբորատոր ծառայությունների, զարգացման գործընկեր կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում մասնակիցները վերլուծեցին ոլորտի ներկա իրավիճակը, վեր հանեցին հիմնական մարտահրավերները և մշակեցին դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ։ Քննարկումները ներառում էին անասնաբուժական ծառայությունների կազմակերպումը, մարդկային ռեսուրսների զարգացումը, կրթության և շարունակական մասնագիտական զարգացման համակարգը, լաբորատոր կարողությունները, ոլորտի թվայնացումը, ինչպես նաև անասնաբույժների ատեստավորման համակարգի ներդրման հնարավորությունները։
Համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորվեց բարեփոխումների առաջնահերթ ուղղությունների և գործողությունների նախնական փաթեթ, որը կնպաստի Հայաստանում ժամանակակից, արդյունավետ և կայուն անասնաբուժական համակարգի ձևավորմանը։
Աշխատաժողովը կազմակերպվել էր CARD հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի կատարելագործում՝ հանուն կայուն գյուղատնսեսության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորովում է Ավստրիական զարգացման գործակալության (Austrian Development Agency) կողմից։