JOIN

ՕԺԱՆԴԱԿՈՂ՝

«Տեղական դերակատարները միավորվում են հանուն Հարավային Կովկասի տնտեսական զարգացման և մասնակցային կառավարման» (JOIN) ծրագիրը հիմնվում է ծրագրի II ՓՈՒԼԻ արդյունքների վրա, որի ծածկույթն ընդգրկում է Վրաստանի հարավային (Սամցխե-Ջավախեթի և Քվեմո Քարթլի) և Հայաստանի հյուսիսային (Լոռի, Տավուշ և Շիրակ) սահմանամերձ շրջանները: Եթե II ՓՈՒԼԻ առաջնային նպատակը երկրի մակարդակով տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) միջև համագործակցության և երկու երկրների սահմանամերձ շրջանների համապատասխան կառույցների միջև կապերի ու համագործակցության ամրապնդումն էր, ապա JOIN ծրագրի առանցքակետն աղքատության հաղթահարումն է գյուղատնտեսության հատվածում` ներառյալ ագրո-զբոսաշրջության զարգացման միջոցով: JOIN ծրագրի շրջանակներում կիրականացվի տեղական շուկաներում փոքր գյուղացիական տնտեսությունների և արտադրողների եկամուտների գոյացման հնարավոր աղբյուրների գնահատում, ինչպես նաև կհամակարգվի տեղական իշխանությունների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ջանքերն այդ արժեշղթաները զարգացնելու ուղղությամբ:

Ծրագիրը նախագծվել է ստեղծելու բարենպաստ միջավայր ՏԻՄ-երի, քաղաքացիական հասարակության կառույցների և մասնավոր հատվածի մասնակցային պլանավորման միջոցով աղքատության հաղթահարման, սոցիալ-տնտեսական զարգացման, բարելավված համագործակցության և շուկային առնչվող տեղեկատվության փոխանակման համար:

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել աղքատության հաղթահարմանը Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ շրջաններում` սոցիալ-տնտեսական ասպարեզում տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մասնավոր հատվածի միջև համագործակցության խթանման միջոցով: JOIN ծրագիրը կհիմնվի և կընդլայնի ծրագրի 1-ին և 2-րդ ՓՈՒԼԵՐՈՒՄ ձեռքբերված նվաճումները, ինչպես նաև կներգրավի մասնավոր հատվածին` որպես դերակատար, որը կապահովի ծրագրային գործողությունների միջոցով մասնակիցների տնտեսական օգուտների կայունությունն ու մասշտաբայնությունը. այս մոտեցումը համահունչ է «CARE Ինթերնեշնլ» կազմակերպության ծրագրային ռազմավարությանը: Ծրագրի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր ՏԻՄ-երի, քաղաքացիական հասարակության կառույցների և մասնավոր հատվածի մասնակցային պլանավորման միջոցով աղքատության հաղթահարմանն ուղղված սոցիալ տնտեսական զարգացման, բարելավված համագործակցության և շուկային առնչվող տեղեկատվության փոխանակման համար:

Այդ նպատակը կիրագործվի 3 փոխկապված արդյունքների (ՓԱ) միջոցով`

– ՓԱ1: ՏԻՄ-երի, ՔՀԿ-ներր և մասնավոր հատվածի ներկայացուցիչները համատեղ կմշակեն և կիրականացնեն գենդարային հարցերը ներառող համայնքային զարգացման ծրագրեր, որոնք միտված են նպաստելու կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

– ՓԱ2. Ստեղծված կայուն Բիզնեսի զարգացման և տեղեկատվական կենտրոնները (ԲԶՏԿ) կտրամադրեն շուկային առնչվող տեղեկատվություն և կկազմակերպեն դասընթացներ ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար` տեղական արժեշղթաների զարգացմանն աջակցելու նպատակով (գյուղատնտեսության հատվածի ընտրված ոլորտներում):

– ՓԱ3: Ներգրավված ազգային և տեղական շահագրգիռ կողմերի ջանքերի համակարգման մեխանիզմների ինստիտուցիոնալացում` տեղական մակարդակով սոցիալ-տնտեսական զարգացման կարիքներն արդյունավետ կերպով լուծելու նպատակով:

Ծրագիրը կհզորացնի տեղական ֆերմերների կարողությունները` ներգրավելով նրանց շուկայական համակարգերի վերլուծության, իրենց մրցակցային առավելությունների բացահայտման աշխատանքներում` դիտարկելով այդ ներգրավվածությունը որպես գյուղատնտեսական արժեշղթաներ մուտք գործելու պոտենցիալ կարողություն: Վերլուծության արդյունքների հիման վրա` ծրագիրը կաջակցի շուկայական համակարգերի փոփոխությանը միտված ռազմավարությունների մշակմանը, որպեսզի ապահովվի դրանց առավել ներառողական բնույթը (տես` M4P մոտեցումը): Շուկայի միջամտության միջոցառումները կկենտրոնանան շուկան ղեկավարող կանոնների մասին տեղեկատվության փոխանակման (օրինակ` որակի ստանդարտներ, արտահանում, փաթեթավորում և այլն), ինչպես նաև հարակից գործառույթների (օր.` հմտություններ և կարողություններ) վրա:

Առաջին բաղադրիչով նախատեսված գործողությունները կկենտրոնանան շուկայական համակարգերի համապատասխան դերակատարների (ՏԻՄ, ՔՀԿ և մասնավոր ընկերություններ) ջանքերի համակարգման վրա, որպեսզի հզորացվեն ընտրված արժեշղթաները: Այս խնդիրը կիրագործվի Համայնքային աշխատանքային խմբերի կազմավորման միջոցով, որոնք կվերանայեն զարգացման ծրագրերը` դրանք շուկա մուտք գործելու բացահայտված ռազմավարություններին լավագույն ձևով համապատասխանեցնելու և տարբեր դերակատարների մասնակցությունը համակարգելու նպատակով: Փոքր դրամաշնորհների ծրագրերի միջոցով Համայնքային աշխատանքային խմբերը կներգրավվեն կոնկրետ նախաձեռնությունների իրականացման գործում (օրինակ` ենթակառուցվածքների զարգացման փոքր ծրագրեր, աջակցություն տարածաշրջանում արտադրվող ապրանքների իրացմանը և այլն): Երկրորդ բաղադրիչով նախատեսված գործողությունները կկենտրոնանան ընտրված արժեշղթաների զարգացմանն առնչվող տեղեկատվության տրամադրման վրա` Բիզնեսի զարգացման և տեղեկատվական կենտրոնների (ԲԶՏԿ) ստեղծման միջոցով: Երրորդ բաղադրիչը հաշվի է առնում այն հանգամանքը, որ շուկայական համակարգերը գործում են ավելի լայն քաղաքական և տնտեսական համատեքստում: Այդ բաղադրիչի շրջանակներում կապեր կհաստատվեն շուկայի դերակատարների միջև տեղական և ազգային մակարդակով` առկա մոդելների մասշտաբայնությունն ապահովելու, լրացուցիչ աջակցության ջանքերը համակարգելու, ինչպես նաև աղքատության հաղթահարմանը միտված շուկայական համակարգերի զարգացումը խթանող անհրաժեշտ քաղաքականությունների որդեգրման նպատակով: Երեք արդյունքներից յուրաքանչյուրն աջակցում է մյուս արդյունքներին: Համայնքային զարգացման ծրագրերի (ՓԱ 1) վերանայումը հիմնվում է ծրագրի սկզբնական փուլի գնահատման արդյունքների վրա և իր հերթին ազդում է ԲԶՏԿ-ների կողմից տրամադրվող տեղեկությունների տեսակի վրա (ՓԱ 2): ՓԱ 3-ի ընթացքում ՓԱ 1-ում և 2-ում հավաքված տեղեկությունների ու կուտակված փորձի մասին տեղեկատվությունը կներկայացվի ազգային մակարդակով շահագրգիռ կողմերին` այդ կերպ ապահովելով 1-ին և 2-րդ փոխկապված արդյունքների հաջող և կայուն ազդեցությունը: