15 Ապր 2019
Առաջին Խելացի ֆերման գնված է
ՔԱՐԴ հիմնադրամի գլխամասային գրասենյակ, Ազատության 1/21-40, Երևան՝ Ս.թ. ապրիլի 15-ին «ՔԱՐԴ» ընկերության գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ Խելացի ֆերմայի հիմնադրման առաջին պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:
Հանդիպմանը ներկա էին պաշտոնատար անձինք ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունից, ՀՀ Ագրարային համալսարանից, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԴեԼավալ ընկերության ռեգիոնալ տնօրենը, ինչպես նաև ֆերմերներ տարբեր մարզերից:
«Խելացի ֆերմա»-ի գաղափարն ի կատար է ածվել ՔԱՐԴ Հիմնադրամի կողմից՝ Ավստրիային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, իսկ այնուհետ FAO-ի օժանդակությամբ։ Նախագիծն իրականացրել է Թ.Ա.Հ.Գ. ԳՐԻԳ կազմակերպությունը՝ շվեդական Դե-Լավալ ընկերություն հետ համատեղ ջանքերի արդյունքում: Ֆերմաները ստացել են ԽԵԼԱՑԻ անվանումը, քանզի վերջիններիս ներքին հագեցվածության պայմաններն ու կենդանիների համար հատկացված տարածքները համապատասխանում են միջազգային ստանդարտների պահանջներին: Ֆերմայի նախագծման ընթացքում հաշվի են առնվել բոլոր նրբությունները՝ կենդանիները կլոր տարի ֆերմայում պահելու նպատակով: Հաշվի են առնվել նաև կովերի հարմարավետությունը երաշխավորող բոլոր պայմանները (մաքուր օդ, ջուր, լուսավորություն, առաստաղի բարձրություն), որոնք իրենց հերթին կնպաստեն կաթնատվության բարձրացմանը: Ֆերմաների նախագծերը մշակվել են ազատ պահվածքի՝ համապատասխանաբար 12, 27, 42 գլուխ կենդանու համար:
Նորարարություն է հանդիսանում այն փաստը, որ նշված ֆերմաները կառուցվում են ջերմոցային կոնստրուկցիաների հիմքի վրա, ինչի արդյունքում ֆերմաների կառուցման ընթացքում տնտեսվում է ժամանակ և ֆինանսական միջոցներ, իսկ առաստաղի ճիշտ ընտրված բարձրության շնորհիվ ապահովվում է մաքուր օդ և պատշաճ օդափոխություն: Ծածկի թափանցելիության շնորհիվ ներսում ապահովվում է համաչափ լուսավորություն և ստվերների բացակայություն՝ կանխելով սթրեսի առկայությունը կենդանիների տեղաշարժման ժամանակ: Կիթն իրականացվում է ֆերմային կից կթի հարթակում՝ մեքենայացված եղանակով:
Առաջին հաջողակ ֆերմերը, ով պատրաստ է ներդնել ֆինանսական միջոցներ և ունենալ միաժամանակ իրար կից երկու նմանատիպ ֆերմա (70 գլխի համար նախատեսված), Գեղաշեն համայնքի ֆերմեր Արամ Գրիգորյանն է: Նա էր նաև առաջինը, ով իր ֆերմայի համար հեռագնա արոտներում տեղադրեց ստացիոնար կթի համակարգը: Ի դեպ, Արամը որոշեց գաղափարը կյանքի կոչել նույնիսկ նախքան Կառավարության կողմից Խելացի ֆերմաների ներդրման ծրագրի սուբսիդավորման հաստատումը: