28 Ապր 2019
Կենդանիների հաշվառման և համարակալման համակարգի կարևորությունը սննդի անվտանգության ոլորտում
2019թ․ ապրիլի 28-ին Ագրիբիզնեսի ուսուցման կենտրոնում (ATC/ICARE) ABioNet ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ սեմինար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար, որտեղ դասախոսեց CARD հիմնադրամի կողմից իրականացվող, Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագրի՝ կենդանիների առողջության և սննդի անվտանգության փորձագետ Սերգեյ Չախմախչյանը։ Դասախոսության թեման էր՝ կենդանիների հաշվառման և համարակալման համակարգի կարևորությունը սննդի անվտանգության ոլորտում:
Բոլոր երկրներում կենադնիների համարակալման և հաշվառման համակարգն ունի կարևոր նշանակություն տնտեսության՝ մասնավորապես, գյուղատնտեսության զարգացման համար։ Պատմականորեն կենդանիների հաշվառման համակարգերը ստեղծվել են տոհմային գործով զբաղվող կազմակերպությունների կողմից՝ կենդանիների գենետիկական տվյալների կառավարման, ֆերմերային տնտեսություններում՝ անասնապահական և անասնաբուժական գործի կազմակերպման, պետական և անասանաբուժական հսկողության մարմինների կողմից՝ համաճարակային իրավիճակի բարելավման նպատակով։
Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը աննդամթերքի անվտանգության և հիվանդությունների դեմ պայքարի կարևոր միջոց է, հատկապես այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են՝ բրուցելոզը, տուբերկուլոզը, սիբիրախտը, դաբաղը, սպունգանման էնցեֆալոպատիան և այլն։