14 Հնս 2019
«Խելացի անասնաշենք» փորձացուցադրական ֆերմայի բացման արարողությունը Ստեփանավան քաղաքում
Ս․թ․ հունիսի 15-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի ունեցավ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից իրականացվող և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում հիմնված «խելացի անասնաշենք» փորձացուցադրական ֆերմայի բացումը: Հանդիպմանը ներկա էին պաշտոնատար անձինք ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունից, Լոռու մարզպետարանից, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆերմերներ տարբեր մարզերից:
«Խելացի ֆերմա»-ի գաղափարն ի կատար է ածվել ՔԱՐԴ Հիմնադրամի կողմից՝ Ավստրիային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, իսկ այնուհետ FAO-ի օժանդակությամբ։ Նախագիծն իրականացրել է Թ.Ա.Հ.Գ. ԳՐԻԳ կազմակերպությունը՝ շվեդական Դե-Լավալ ընկերություն հետ համատեղ ջանքերի արդյունքում: Ֆերմաները ստացել են ԽԵԼԱՑԻ անվանումը, քանզի վերջիններիս ներքին հագեցվածության պայմաններն ու կենդանիների համար հատկացված տարածքները համապատասխանում են միջազգային ստանդարտների պահանջներին: Ֆերմայի նախագծման ընթացքում հաշվի են առնվել բոլոր նրբությունները՝ կենդանիները կլոր տարի ֆերմայում պահելու նպատակով: Հաշվի են առնվել նաև կովերի հարմարավետությունը երաշխավորող բոլոր պայմանները (մաքուր օդ, ջուր, լուսավորություն, առաստաղի բարձրություն), որոնք իրենց հերթին կնպաստեն կաթնատվության բարձրացմանը:
Ֆերմաների նախագծերը մշակվել են ազատ պահվածքի՝ համապատասխանաբար 12, 27, 42 գլուխ կենդանու համար:
Նորարարություն է հանդիսանում այն փաստը, որ նշված ֆերմաները կառուցվում են ջերմոցային կոնստրուկցիաների հիմքի վրա, ինչի արդյունքում ֆերմաների կառուցման ընթացքում տնտեսվում է ժամանակ և ֆինանսական միջոցներ, իսկ առաստաղի ճիշտ ընտրված բարձրության շնորհիվ ապահովվում է մաքուր օդ և պատշաճ օդափոխություն: Ծածկի թափանցելիության շնորհիվ ներսում ապահովվում է համաչափ լուսավորություն և ստվերների բացակայություն՝ կանխելով սթրեսի առկայությունը կենդանիների տեղաշարժման ժամանակ: Ինչպես իր ելույթի խոսքի մեջ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը` «Մեր քաղաքականության նպատակն է ոչ թե զարգացնել գյուղատտնեսությունը, այլ ինովացիոն գյուղատնտեսությունը, որն իրականում որակ է փոխում»։