16 Հնվ 2020
«Խելամիտ կլիմայական գյուղատնտեսությունը և հարմարվողականությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանում»
2020թ․ հունվարի 16-ին տեղի ունեցավ «Խելամիտ կլիմայական գյուղատնտեսությունը և հարմարվողականությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանում» թեմայով աշխատաժողովը, որի նպատակն էր ոլորտի շահառուների հետ քննարկել կլիմայի փոփոխության համատեքստում գյուղատնտեսության ոլորտի խոցելիությունը և հետևանքների մեղմման ու հարմարվողականության հնարավոր լուծումները, ներկայացնել «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հայկական հիմնադրամի կողմից գուղատնտեսության ոլորտում իրականացվող ուսումնասիրության ընթացքն ու նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև ծանոթանալ Միացյալ Նահանգներում կիրառվող Խելամիտ կլիմայական գյուղատնտեսության (ԽԿԳ) փորձին: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի` «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում, CARD հիմնադրամի և ԱՄՆ Քորնելի համալսարանի գյուղատնտեսության և կենսաբանության քոլեջի (Cornell CALS) կողմից:
ՄԱԶԾ hայաստանյան գրասենյակի Կայուն աճի և զարգացման բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց կլիմայի փոփոխության հետևանքներին ավելի աչալուրջ և պատրաստված լինելու կարևորությունը՝ նշելով, որ վերջին 20 տարիների ընթացքում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված գլոբալ տնտեսական կորուստները, նախնական տվյալներով, աճել են 2.5 անգամ՝ 1978-1990 թթ-ին հաշվառված 1.3 տրիլիոն ԱՄՆ դոլարից 1998-2017թթ ժամանակահատվածում հասնելով 2.9 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Ընդ որում, նույնիսկ ամենազարգացած երկրներում բնական աղետներից առաջացած կորուստների հաշվարկը կատարվում է աղետների ընդամենը 53 տոկոսի համար և ոչ ամբողջական, այսինքն հաշվառվում են միայն ուղղակի կորուստները: Զարգացող երկրներում այդ ցուցանիշը կազմում է միայն 13 տոկոս:
«ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրն աջակցում է երկրներին կլիմայական քաղաքականության ձևավորմանը, ինչպես հարմարվողականության, այնպես էլ մեղմման առումով: Հայաստնում կլիմայի փոփոխության հարցերը ՄԱԶԾ-ի ուշադրության կենտրոնում են արդեն գրեթե 20 տարի: Այսօր այս ուղղությամբ իրականցվող ծրագրերի ընդհանուր արժողությունը կազմում է 26 միլիոն ԱՄՆ դոլար, որից 3 միլիոնը հատկացված է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրին, որը կնպաստի սահմանված խոցելի ոլորտներում կլիմայի հարմարվողականության միջոցների ներդրմանը», հավելեց նա:
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիրներն ու կլիմայի փոփոխությանը հնարավոր և անհրաժեշտ հարմարվողականության միջոցառումները պարզելու համար «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում իրականացվում է «Հայաստանում կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղատնտեսության ոլորտի խոցելիության և կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման գնահատման» ուսումնասիրությունը: Աշխատանքներն իրականացնում է CARD հիմնադրամը:
«CARD հիմնադրամն անդրադարձել է կլիմայի փոփոխության ազդեցության հիմնախնդրին իր գործունեության առաջին իսկ օրերից: Մեր կազմակերպության նախաձեռնությամբ եղանակի տեսության առաջին կայանները տեղադրվել են Արարատյան հարթավայրում և Մեղրիում՝ ուսումնասիրելու կլիմայի փոփոխության ազդեցությունը տարբեր հիվանդությունների առաջացման և տարածման վրա: Կաթիլային ոռոգման համակարգը Հայաստանում առաջին անգամ ներդրվել է CARD հիմնադրամի կողմից Այգեհովիտի փորձացուցադրական խաղողի այգում: Խնդիրը մշտապես եղել և մնում է մեր ուշադրության կենտրոնում, և ուրախ ենք, որ մասն ենք կազմում այս կարևոր նախաձեռնության» իր ողջույնի խոսքում նշեց CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը:
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ներկայացրեց Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքների ամփոփ նկարագիրը, կանխատեսումները, հիդրոօդերեւութաբանական վտանգավոր երեւույթների նկատմամբ գյուղատնտեսության առկա և կանխատեսվող խոցելիությունը՝ ըստ մարզերի, ինչպես նաև ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի ժամանակացույցն ու նախատեսվող աշխատանքները:
ԱՄՆ Քորնելի համալսարանի ավագ գիտաշխատող Էլիսոն Չատրչյանը ներկայացրեց Խելամիտ կլիմայական գյուղատնտեսության հայեցակարգն ու քաղաքականությունը, իսկ CARD հիմնադրամի փորձագետ, Համֆրի ծրագրի շրջանավարտ Արտակ Խաչատրյանը մանրամասնեց ԱՄՆ-ում Խելամիտ կլիմայական գյուղատնտեսության կիրառման փորձն ու օրինակները: Ներկայացվեցին նաև Քորնելի համալսարանի ուսանողի կողմից իրականացված կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրերում գյուղացիներին ներգրավման կարևորությունը գնահատող հետազոտության նախնական արդյունքները ներառյալ Հայաստանում իրականացված ուսումնասիրությունները:
Աշխատաժողովի մասնակիցները ծանոթացան նաև «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում CARD հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Հայաստանում կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղատնտեսության ոլորտի խոցելիության և կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման գնահատման» ուսումնասիրության մոտեցումներին, մեթոդաբանության ու նախատեսվող աշխատանքներին:
Աշխատաժողովը եզրափակվեց շահառուների հետ Հայաստանում կլիմայի փոփոխությունների և գյուղատնտեսության հիմնահարցերի վերաբերյալ թեմատիկ քննարկմամբ, որի ընթացքում բարձրաձայնած հիմնահարցերն ու առաջարկները հետագայում կքննարկվեն և հաշվի կառնվեն ոլորտի խոցելիության գնահատման ընթացքում: