16 Հնս 2020
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԸ
Ուրախությամբ նշում եմ, որ հայ և ավստրիացի մասնագետների ջանքերի շնորհիվ մշակվեց ու Կառավարության հունիսի 11-ի նիստով հաստատվեց 750 մլն. արժողությամբ ընդհանուր բյուջեով՝ Կենդանիների հաշվառման ու համարակալման ծրագիրը, որը կմեկնարկի սույն թվականի աշնանը։
Ցանկանում եմ ողջունել Էկոնոմիկայի նախարարությանը և ընդգծել, որ 30 տարի է այս հարցը ծեծվում էր ու վերջապես հեղափոխական Կառավարությունը նախաձեռնեց, մշակեց ու հաստատեց Կենդանիների հաշվառման, համարակալման ու նույնականացման ծրագիրը։
Սա անչափ կարևոր գործընթաց է՝ բարեփոխում, որը սպանդանոցների գործարկման հետ միասին հիմք կդնի Հայաստանում կաթի ու մսի արտադրության ժամանակակից անվտանգային համակարգի ստեղծմանը։
Վերջապես գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները, դուրս գալով սերմացու, պարարտանյութ ու դիզ վառելիք բաժանելու տխրահռչակ «սխեմաներից», նախաձեռնել են արմատական բարեփոխումներ, որոնք ագրարային ոլորտի սեփականաշնորհումից այս կողմ տասնամյակներ շարունակ մնում էին չլուծված։
Վերջապես անցում կարվի՝ դեռևս մոնղոլ-թաթարական ժամանակներից մնացած փողոցա-բակային, գետնի վրա իրականացվող մորթից ու գոմերում պանիր, մածուն արտադրելուց՝ նոր, ժամանակակից, Եվրամիության ստանդարտներին համապատասխան արտադրական ու սննդի որակի վերահսկման համակարգերի ներդրմանը։
Հույսով ենք՝ անցումը մոնղոլ-թաթարական, էմիր-խանական վարվելաձևից ու կառավարման մեխանիզմից նոր համակարգերին կլինի շարունակական ու կավարտվի սեղմ ժամկետներում, որպեսզի հետ դարձի ճանապարհը փակվի։ Կենդանիների նույնականացման և գրանցման համակարգի ներդրումը կնպաստի սուր վարակիչ հիվանդությունների վերահսկման նոր ու համապարփակ ծրագրի մշակմանն ու իրականացմանը։
Կենդանիների մոտ սուր վարակիչ հիվանդությունները ծանր ֆինանսական վնասների պատճառ են հանդիսանում։
Նման ժամանակակից համակարգի բացակայության պատճառով․
1. նվազում է կենդանիների կաթնատվությունը
2. տեղի է ունենում հորթերի և գառների թվի նվազում՝ վիժումների կամ նորածին կենդանիների անկումների պատճառով
3. ավելանում է անպտղությունը
4. նվազում են ֆերմերների եկամուտները
Կենդանիների սուր վարակիչ հիվանդությունները մեծ վնասներ են պատճառում նաև մարդկանց, քանզի հիվանդության քրոնիկ և քայքայիչ ազդեցության պատճառով նվազում է մարդկանց աշխատունակությունը, ինչպես նաև վերջիններս մարդկանց մահվան պատճառ են հանդիսանում:
Անգնահատելի է «Հայաստանի Հանրապետությունում կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի հաստատման փաստը։ Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի համապարփակ ներդրումը կնպաստի գյուղատնտեսական սեկտորի ավտոմատացմանը, կառավարման կարողությունների զարգացմանը, ինչը կհանդիսանա այս ոլորտի զարգացման և արտադրանքի արտահանման հուսալի նախադրյալ:
Ծրագրի արդյունավետ իրականացմանը կնպաստեն հանրության շրջանում իրականացվող լայնածավալ միջոցառումները՝ ուղղված իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, տնտեսվարողների մոտ ուսուցողական դասընթացների կազմակերպմանը, կարողությունների և հմտությունների բարելավմանը:
Գ․Ս․