15 Դկտ 2020
Դասընթաց անասնաբույժների և ֆերմերների համար
Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից ֆինանսավորվող «Կենդանիների համարակալում և հաշվառում» (ԿՀՀ) ծրագրի շրջանակներում Լոռու մարզում անասնաբույժների և ֆերմերների համար անցկացվել է եռօրյա սեմինար ինչպես լսարանում, այնպես էլ ֆերմաներում՝ «Կենդանիների համարակալում և հաշվառում» և «Կենդանիների բարեկեցություն» թեմաներով։
Առաջին օրվա ընթացքում ոլորտի 8 մասնագետներ, որոնք ներկայացնում են ՔԱՐԴ Հիմնադրամի ԿՀՀ նախագիծը , «Կուլտիվա» ՓԲԸ-ն և Անասնաբույժների ազգային ասոցիացիան վարել են դասընթացներ «ԿՀՀ», «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում», «Խելացի ֆերմաներ», «Հիգիենա և կիթ», «Կովերի հարմարավետություն և կերակրում», «Անասնապահության տեխնոլոգիաներ» և «Խոզերի գենետիկա» թեմաներով:
Սեմինարի երկրորդ և երրորդ օրերին իրականացվել են այցելություններ ֆերմաներ, որոնց ընթացքում կատարվել է տնտեսությունների ներկա վիճակի գնահատում և կարիքների բացահայտում, անցկացվել է ֆերմերների հարցում։ Անասնապահական տնտեսությունների այցելությունների ընթացքում ֆերմերները հնարավորություն են ստացել ուսուցանվելու հենց իրենց ֆերմաներում։
Տեղացի անասնաբույժներն ու ֆերմերները ակտիվ մասնակցում էին դասընթացին և հետաքրքրված էին իրենց գործունեության ոլորտներում առկա նորություններով: Անհատական և խմբային քննարկումների ընթացքում դասախոսները ներկաներին ծանոթացրեցին ոլորտի զարգացումների և նորարարությունների հետ։
Որպես օժանդակության հնարավոր միջոց, քննարկվում են հետևյալ տարբերակները` առավել արդյունավետները գտնելու համար, որը կաջակցի ֆերմերների, համայնքների և համայնքների կարողությունների զարգացման գործընթացին՝
- Կազմակերպել դասընթացներ ֆերմերների համար անասնապահության ժամանակակից մեթոդների վերաբերյալ` անասնապահություն, կաթնամթերքի արտադրություն, կերակրում, կացության վայր և այլն:
- Կազմակերպել այցելություններ դեպի արդեն գործող խելացի ֆերմաներ:
- Համայնքներում ներկայացնել արհեստական սերմնավորում` կազմակերպել դասընթացներ անասնաբույժների համար, տրամադրել ԱՍ սարքավորումներ, ցուցադրել արհեստական սերմնավորումը վերահսկվող նախիրով և այլ միջոցներով։
- Աջակցություն կաթնամթերքի արտադրության ոլորտում՝ կթի հարթակի ներկայացում, կաթի մթերման հնարավորությունների ավելացում, կաթի որակի ստուգման սարքավորումների տրամադրում և այլն։
- Աջակցություն վաճառքի ավելացման, բրենդավորման և տնտեսությունների եկամտի ավելացման գործընթացներում։
- Աջակցություն արևային էներգիայի օգտագործման հարցում՝ արտադրական ծախսերը նվազեցնելու նպատակով։