27 Ապր 2021
Պարենային կայուն համակարգերի ստեղծման առաջին երկփուլ երկխոսությունը
Ս․թ․ ապրիլի 27-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ անցկացվեց ներառական արժեշղթաների միջոցով պարենային կայուն համակարգերի ստեղծման առաջին երկփուլ երկխոսությունը։ Գագաթնաժողովին մասնակցում էին ոլորտի շահակիցներ՝ պետական ու մասնավոր հատված, միջազգային գործընկերներ, գիտական-ակադեմիական շրջանակներ, Հասարակական կազմակերպություններ և այլն։
Լիագումար նիստից հետո անցկացվեցին երկու համընթաց նիստեր, որոնցից մեկը վերաբերում էր ագրոպարենային արտադրանքի մատակարարման շղթաների դիմակայունությանը (վարող՝ Վարդան Ուռուտյան, ՀԱԱՀ ռեկտոր), իսկ մյուսը՝ սննդամթերքի անվտանգությանը (վարող՝ Սերգեյ Չախմախչյան, CARD հիմնադրամի կենդանիների առողջության և սննդամթերքի անվտանգության փորձագետ): Սերգեյ Չախմախչյանը ներկայացրեց «Ավստրիական զարգացման գործակալության» ֆինանսավորմամբ և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող «Կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի կարևորությունը և կապը գյուղտնտեսական աջակցման այլ ծրագրերի հետ։ Նաև կարևորեց սննդամթերքի անվտանգությունը և կապը սննդով փոխանցվող հիվանդությունների հետ։
ՄԱԿ-ի 2021 թվականի Պարենային համակարգերի գագաթնաժողովը վերջին տարիներին ամենամեծ երկխոսության հարթակներից մեկն էր, որի ընթացքում հնարավորություն ստեղծվեց քննարկել՝ ներդրումների դերը կայուն գյուղատնտեսական շուկայում, գյուղատնտեսության և պարենային համակարգերի վերափոխումը, ագրոպարենային արտադրանքի մատակարարման շղթաներում դիմացկունության բարձրացումն ու հնարավորությունների ստեղծումը, կենդանիների համարակալման և հաշվառման կարևորությունը սննդամթերքի անվտանգության ապահովման գործում։
Երկխոսության վերջում տեղի ունեցավ քննարկում հարց ու պատասխանի տեսքով, որի արդյունքում որոշվեց, որ հաջորդ հանդիպման ժամանակ կլինեն գործնական առաջարկներ , որոնք հետագայում կստանան իրենց գործնական կիրառությունը։