02 Մրտ 2022
Գյուղատնտեսական նորարարական լուծումներ
Նորարարական, թվային տեխնոլոգիաների կիրառությունը գյուղատնտեսության արդիականացման ոլորտում միանշանա՛կ կարևորվում է ամբողջ աշխարհում, քանի որ այն տալիս է գիտելիքների և ստուգված փորձի այնպիսի համադրում, որը բացի մեծ առաջընթացից հնարավորություն է ընձեռում զարգացնելու և օգտագործելու չուսումնասիրված և ոչ ավանդական արդյունավետ մեթոդներ:
2022 թվականի մարտի 2-ին, Կոտայքի մարզում գտնվող «Ագրոճամբար» ուսումնական կենտրոնում, տեղի ունեցավ «Գյուղատնտեսական նորարական լուծումներ»՝ բիզնեսը բիզնեսին աշխատաժողովը, որը կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի «Գյուղական տնտեսական զարգացում նոր տնտեսական հնարավորություններ (RED-NEO)» ծրագրի շրջանակում՝ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի ջանքերով:
Միջոցառումը նպատակ ուներ Հայաստանի միջին և խոշոր այգետերերին, ջերմատնային տնտեսությամբ զբաղվողներին ներկայացնել Հայաստանում գործող նորարարական ծառայություններ և պրոդուկտներ առաջարկող ընկերությունների, որոնք առաջարկում են, օրինակ՝ գյուղատնտեսության բնագավառում արևային էներգիայի օգտագործման, հողի պարամետրերի խելացի չափիչ համակարգերի, ջերմատնային տնտեսություններում թվային տեխնոլոգիաների կիրառության, ջրային և հողային ռեսուրսների տեխնոլոգիական կառավարման, ավտոմատ ոռոգման համակարգերի, կենսաքայքայվող ջրակլանիչ նյութերի օգտագործման ուսումնասիրված և արդյունավետ հնարավորություններ:
Թեմաներին առնչվող զեկուցումներով և առաջարկներով հանդես եկան՝ Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի Ագրոթեք ինկուբատորի ստարտափ մրցույթների հաղթողներ, ինչպես նաև՝ ՇՏԻԳԵՆ, ԳՐԻՆ ԳՐԱՈՒՆԴ, ՆՅՈՒԴԱՐՄ ԹԵՔ, ԷԿՈԹԵՔՆՈԼՈԳ և ՌԵՎԱԼԿՈՆ ընկերությունները: