20 Հնս 2023
«Խոզաբուծության զարգացման հեռանկարները Հայաստանում» համաժողով
Սույն թվականի հունիսի 6-ին տեղի ունեցավ «Խոզաբուծության զարգացման հեռանկարները Հայաստանում» խորագրով միջազգային համաժողով, որին ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, ֆերմերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Միջոցառումը կազմակերպվել էր «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի և Անասնաբույժերի ազգային ասոցիացիայի կողմից։
Միջոցառման բանախոսներն էին ավստրիական «Schauer», հոլանդական «Topigs», «VDL Agrotech», վրացական «Nutrimax», հայկական «Սմարթագրո» ընկերությունների փորձագետները։ Միջոցառմանը մասնակցում էին ու ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին Հայաստանում խոզերի կերակրման, գենետիկայի բարելավման ու տոհմային գործի, պահվածքի ու նոր տեխնոլոգիաների կիրառմանը վերաբերվող հարցեր։
Միջոցառման ընթացքում հետաքրքրված կողմերը՝ այդ թվում պետական գերատեսչությունների ներկայացուցիչները, հանդես եկան կառավարությանը առաջարկներով դիմելու պատրաստակամությամբ, որոնք շրջադարձային նշանակություն կունենան ՀՀ-ում խոզաբուծության արդյունավետ զարգացման գործում։
Միջազգային փորձագետների հետ քննարկումների ընթացքում հայաստանյան փորձագետները հասկացան՝ ինչպես է իրականացվում խոզերի համակարակալման և հաշվառման գործընթացը արտերկրում։ Այդ ծրագրի նախաձեռնումը Հայաստանի Հանրապետությունում նույնչափ կարևոր է, ինչքան արդեն իսկ իրականացվող խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը։
Համաժողովը առանձնահատուկ և եզակի էր խոզաբուծության զարգացման ոլորտում, որի արդյունքները կներկայացվեն պետական կառույցներին հետագա անելիքներն ու շարունակականությունը կյանքի կոչելու նպատակով: