10 Նոյ 2023
«Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը Ավստրիայում և Հայաստանում» աշխատաժողով
Ս/թ նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ «Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը Ավստրիայում և Հայաստանում» խորագրով աշխատաժողով, որն անցկացրեցին «Ագրարմարքտ Ավստրիա» գործակալության փորձագետներ Ռուդոլֆ Մոզերը և Ռութ Ֆիշերդերը։
Փորձագետները Հայաստանում իրականացվող խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ուսումնասիրությունների հիման վրա տրամադրեցին խորհրդատվություն, առաջարկեցին կարգավորումներ առկա բացերը լրացնելու համար։
Աշխատաժողովին ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ և այլ շահառուներ։
Նշենք, որ արդեն 1 տարի է Հայաստանում մեծ թափով ընթանում է կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը, որն արդեն գրանցել է հաջողություններ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը (Austrian Development Agency)՝ CARD հիմնադրամի միջոցով։