28 Նոյ 2023
Գյուղատնտեսության քաղաքականություն մշակող պաշտոնյաների այցը Ավստրիա
Հետխորհրդային շատ երկրներ են վերջերս դարձել ԵՄ անդամ պետություն կամ ստացել են ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ։
Գյուղատնտեսությունը և գյուղի զարգացումը առաջնահերթ դեր են խաղում ԵՄ քաղաքականության մեջ ներգրավվող երկրների համար։ Հետևաբար քաղաքականություն մշակողների համար չափազանց կարևոր է լիովին հասկանալ ԵՄ երկրներում գյուղատնտեսական քաղաքականության մշակման, ֆինանսավորման, իրականացման, մոնիտորինգի, գնահատման և հաշվետվության ինստիտուցիոնալ կառուցվածքը՝ ճիշտ ռազմավարական և կայուն որոշումներ կայացնելու համար: Բացի այդ, շատ կարևոր է այս հաստատությունների միջև տեխնիկական, ֆինանսական և վարչական փոխգործակցությունը:
Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից 5-ը ավստրիական «ԱգրարՄարքտ» պետական գործակալության հրավերով եռօրյա այցով Ավստրիայում էր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի գլխավորած աշխատանքային խումբը։ Այցի նպատակն էր բարձրացնել բարձրաստիճան պաշտոնյաների իրազեկվածությունը և ծանոթացնել նրանց գյուղատնտեսական քաղաքականության իրականացման պահանջներին ու դրա ինստիտուցիոնալ կառուցվածքին։
Այցի ընթացքում աշխատանքային խումբն ուսումնասիրեց հետևյալ հարցերը․
Ավստրիայի գյուղատնտեսության, անտառային տնտեսության, տարածաշրջանների և ջրային ռեսուրսների կառավարման դաշնային նախարարությունում (քաղաքականություն մշակող և ԵՄ հետ բանակցող)
➢Կառուցվածքը, դերերն ու պատասխանատվությունը,
➢Գյուղատնտեսական քաղաքականության ֆինանսական պլանավորում և ֆինանսավորում,
➢Ավստրիական նոր CAP (Common Agricultural Policy` ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականություն) ռազմավարական ծրագիր (ԵՄ կողմից հաստատված),
➢ Հաստատություններ, որոնք ներգրավված են քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում,
➢Գյուղատնտեսական համալսարանների և քոլեջների դերը,
➢Համագործակցություն և փոխգործակցություն համապատասխան կառույցների միջև և գյուղատնտեսական կոոպերատիվների դերը։
ԱգրարՄարքտ Ավստրիա (AMA-ԱՄԱ) (վճարային գործակալություն, բիզնես գործընթացների թվայնացում)
➢Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգ, օրենքներ և կանոնակարգեր,
➢Փոքր սպանդանոցների դերը Ավստրիայի գյուղական համայնքներում,
➢ Վերահսկողական գործառույթներ,
➢Համագործակցություն այլ կապակցված հաստատությունների հետ,
➢Ինտեգրված կառավարման և վերահսկման համակարգի էլեմենտներ (IACS- Integrated administration and control system) և ՏՏ կարևորությունը,
➢Վճարումներ ըստ տարածքի,
➢Գյուղատնտեսական շուկաներ, շուկայի և գների մոնիտորինգ և հաշվետվություն
Տարածաշրջանային այցեր․
Ավստրիայի ստորին շրջանների տարածաշրջանային անասնաբուժական ծառայություն (խորհրդատվական ծառայություն, կրթություն, ուսուցումներ, ֆերմերային առաջնային աջակցություն)
➢Տարածաշրջանային անասնաբուժական ծառայության կառուցվածքը, դերերն ու պատասխանատվությունը,
➢Անասնաբուժական վերահսկողություն և սննդի անվտանգություն,
➢Փոքր սպանդանոցների գրանցում,
➢Անասնաբույժի պատասխանատվությունը սպանդի և մսի կտրատման գործընթացներում։
Գյուղատնտեսական դպրոց
➢Երիտասարդների կրթություն, ուսուցումներ մեծահասակների համար գյուղատնտեսության և սննդի տեխնոլոգիաների թեմաներով։