11 Մրտ 2024
Կառուցվածքային փոփոխություններ և կորպորատիվ կառավարման համակարգի ներդրում «Սմարթագրո» ընկերությունում
Օրերս Հայաստանում էին «ՔԱՐԴ» խմբի և վերջինիս մաս կազմող «ՍմարթԱգրո» ընկերության գործընկեր վրացական «Նուտրիմաքս» ընկերության, ինչպես նաև «Սիներջի գրուպ» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները։
«Նուտրիմաքս» ընկերությունը, որը 2009 թվականից հաջողությամբ գործունեություն է իրականացնում Վրաստանի հանրապետությունում, զբաղվում է ամբողջական կերի, լավագույն որակի խտանյութերի, պրեմիքսների և այլ հավելումների արտադրությամբ ու տրամադրմամբ՝ ընտանի կենդանիների, գյուղատնտեսական կենդանիների և ջրային կուլտուրաների համար։ Ընկերության արտադրանքը և ծառայությունները ներկայացված են Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Աֆրիկայում։
Վրացական Նուտրիմաքսը հայկական Սմարթագրո ընկերության առանցքային գործընկերն է, իսկ այցի նպատակն էր էլ ավելի խորացնել երկու ընկերությունների միջև համագործակցությունը և աշխատել հետագա ծրագրերի ու գաղափարների վրա։
Այցի ընթացքում տեղի ունեցավ «Սմարթագրո» ՓԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով, որի գործառույթներն իրականացնում է վերջինիս հիմնադիր «Ագրովիժն» ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը։ Ժողովի ընթացքում որոշում կայացվեց ստեղծել «Սմարթագրո» ՓԲԸ-ի խորհուրդ, որում ներկայացված կլինի նաև «Նուտրիմաքս» ընկերության հիմնադիր և կառավարող գործընկեր Բեկա Բեկայան։ Սա առաջին անգամն է ՔԱՐԴ-ում, որ խորհրդում ընդգրկվել է օտարերկրյա խորհրդի անդամ և գործընկեր։
Մեկ այլ որոշմամբ «Սմարթագրո» ՓԲԸ-ում ստեղծվեց նաև կոլեգիալ գործադիր մարմին՝ վարչություն, որում ընդգրկված կլինեն Ընկերության տնօրենն ու ղեկավարները։ Ընկերությունում տեղի կունենան կառուցվածքային փոփոխություններ, որոնք առաջարկվել են «Սիներջի գրուպ» խորհրդատվական ընկերության կողմից։ Այնուհետև տեղի ունեցան հանդիպումներ աշխատակազմի հետ և ներկայացվեցին հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են։ Հաշվի առնվեցին նաև աշխատակազմի առաջարկները։
Այժմ ակտիվ կերպով ընթանում են «Սմարթագրո» ՓԲԸ-ի կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման և վերահսկողության բարելավմանն ուղղված, ինչպես նաև կառուցվածքային փոփոխությունները։
Շարունակվում է ակտիվ համագործակցությունը և կապը վրացական կողմի հետ, իսկ արդյունքների մասին կտեղեկացնենք ընթացքում։