14 Մյս 2024
Ավստրիացի փորձագետների այցը Հայաստան
Ս/թ ապրիլի 29-ից մայիսի 3-ը ՀՀ-ում էին «Ագրարմարքտ» Ավստրիա (AMA) և «AGES» պետական գործակալությունների փորձագետներ Ուլրիկե Վորբերգը և Ռութ Ֆիշերեդերը։ Նրանց այցի նպատակն էր գնահատել ՀՀ-ում անասնաբուժության համակարգի ընթացիկ վիճակը, բացահայտել անասնաբուժության համակարգում առկա բացթողումներն ու մարտահրավերները, ինչպես նաև գնահատել ՀՀ-ում սպանդանոցների համակարգի ընթացիկ վիճակը։
Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Գյուղանտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ,ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և CARD հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Նրանք հանդիպումներ ունեցան նաև մասնավոր և պետական ծառայություններ մատուցող, ինչպես նաև շրջանային համաճարակաբան մասնագետների և անասնատերերի, ԱՆԻՊԱՍ համակարգի ճարտարապետի հետ։ Փորձագետները իրականացրեցին նաև ստուգումներ տեղում, ԿՀՀ համակարգի մոնիտորինգ։
Մայիսի 2-ին կայացավ աշխատաժողով՝ նվիրված անասնաբուժական համակարգի և ԿՀՀ համակարգի տեղում իրականացվող ստուգումների ներկայացմանը Ավստրիայի օրինակով։ Աշխատաժողովի ընթացքում փորձագետները ներկայացրեցին Ավստրիայի անասնաբուժական համակարգի և դրա կառուցվածքի, Ավստրիայում անասնաբույժների սերտիֆիակացման/ հավատարմագրման համակարգի, պետական և մասնավոր անասնաբուժական ծառայությունների, սպանդանոցների գործունեության մասին տեղեկատվություն։
Աշխատաժողովին ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը, ինչպես նաև նշված կառույցների ներկայացուցիչներ։
Տաթևիկ Սարգսյանը նշեց, որ ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագրի հաջողությամբ իրականացումը կնպաստի պարենային անվտանգության ու տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, նոր շուկաների հասանելիությանն ու անասնաբուժության ոլորտի զարգացմանը։
Այցի ավարտին փորձագետները հանդես եկան եզրակացություններով և առաջարկություններով, ներկայացրեցին հաշվետվություն։
Այցը կազմակերպվել էր ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA)` CARD հիմնադրամի միջոցով։