![](http://card.am/image/images/LNJ5BKkQQ639Pxnc5NOYle2bjHVlWn1762YFNg3f.jpeg?h=300)
09 Հլս 2024
Ավստրիայի թռչնաբուծության ֆեդերացիայի փորձագետների այցը Հայաստան
Ս/թ հուլիսի 1-ից 5-ը Հայաստան էին ժամանել Ավստրիայի թռչնաբուծության ֆեդերացիայի նախագահ Մարկուս Լուկասը և գլխավոր տնօրեն Մայքլ Վուրցերը։
Այցի ընթացքում նրանք ներկայացրեցին Ավստրիայի թռչնաբուծության համակարգի փորձը՝ հանդիպելով ՀՀ գերատեսչությունների պատասխանատու անձանց հետ և այցելելով տեղական թռչնաբուծական ֆերմաներ։
Կազմակերպվեց նաև աշխատաժողով՝ «Ավստրիայի թռչնաբուծության համակարգի ներկայացումը» խորագրով։ Աշխատաժողովին ներկա էին Ավստրիական զարգացման գործակալության (ADA) երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը, ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժության բաժնի գլխավոր տեսուչ Հովիկ Բատիկյանը, ՀՀ ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանը, թռչնաբուծությամբ զբաղվող ֆերմերներ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, CARD հիմնադրամի և ՍմարթԱգրո ՓԲԸ-ի ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց Ավստրիայի թռչնաբուծության ֆեդերացիայի մասին տեղեկատվություն, Ավստրիայում թռչնաբուծության համակարգի պատմությունը, թռչունների համարակալման և հաշվառման համակարգը, ինչպես նաև Հայաստանի հետ համագործակցության հետագա հնարավորությունները։
Աշխատաժողովը կազմակերպվել էր Ավստրիական զարգացման գործակալության (Austrian Development Agency) աջակցությամբ՝ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համապետական ծրագրի շրջանակներում։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը՝ CARD հիմնադրամի միջոցով։
![](http://card.am/images/ann_jobs_small_img1.png)
![](http://card.am/images/ann_jobs_small_img2.png)