15 Մյս 2014
Ջերմատնային Լոլիկի Մշակության Գծով Սեմինար
2014թ. ապրիլին ԱՄՆ Գյուղ. Դեպարտամենտի ֆինանսավորմամբ իրականացվող Ջերմոցային Տնտեսությունների Կառավարում ծրագրի բաղադրիչի շրջանակներում տեղի ունեցավ CARD հիմնադրամի կողմից կազմակերպված սեմինար «Ջերմատնային լոլիկի մշակության» թեմայով : Սեմինարն անցկացնում էր հոլանդական հայտնի սերմարտադրող`Րիկ Ցվան ընկերության ներկայացուցիչ, ջերմատներում լոլիկի մշակության մասնագետ և խորհրդատու Պիտեր Մոլնարը և մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերի (Արմավիր, Արարատ, Կոտայք) ջերմոցների և ջերմատների 38 ֆերմերներ, ինչպես նաև Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի ուսանողներ:
Սեմինարի ընթացքում Պիտեր Մոլները ներկայացրեց Րիկ Ցվան սերմնաբուծական ընկերության լոլիկի ասորտիմենտը և առաջարկեց Հայաստանի հողակլիմայական պայմաննաերին և շուկայի պահանջներին համապատասխանող նոր հիբրիդներ, ինչպիսին էին լոլիկի վարդագույն պտղամաշկով հիբրիդները, որոնք աչքի են ընկնում համային բարձր հատկանիշներով, պտղում շաքարների բարձր պարունակությամբ և պտուղների խոշորությամբ:
Լոլիկի հիբրիդների ասորտիմենտը ներկայացնելուց հետո Պիտեր Մոլնարը ներկայացրեց ջերմատանը և ջերմոցում մշակվող լոլիկի սածիլների մշակման տեխնոլոգիան կապված սածիլների սնման մակերեսի, սածիլների նորմալ աճի համար օպտիմալ միկրոկլիմայի պահանջները, հողախառնուրդի բաղադրիչներին առնչվող պահանջները, ինչպես նաև՝ սածիլների տնկման, ծաղիկների փոշոտման և հետագա խնամքի առաձնահատկությունները, բույսերի հիվանդությունները ու վնասատուները և դրանց դեմ պայքարի միջոցները:
Սեմինարի համար նախապատրաստած նյութի ավարտից հետո Պիտեր Մոլնարը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում լոլիկի մշակության ընթացքում ծառացած խնդիրներին, ինչպիսիք են՝ հողագրունտի pH-ը և կարգավորման ուղիները, սածիլանոցի և ջերմոցների միկրոկլիմայի օպտիմալ ջերմաստիճանը, ջրման և սնուցման լավագույն տարբերակները և այլն:
Սեմինարի ավարտից հետո CARD-ի աշխատակիցները Պիտեր Մոլնարի հետ այցելեցին Արմավիրի մարզի Արշալույս, Խաչփառ և Արարատի մարզի Դարակերտ համայնքներում գտնվող ջերմոցներ և ծանոթացան լոլիկի մշակության առկա պայմաններին, հիմնահարցերին և առաջարկեցին համապատասխան լուծումներ: