
27 Հնս 2025
Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը և ՏՏ նոր լուծումների ներկայացումը
2025 թվականի հունիսի 13-ին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ Կենդանիների համարակալման և հաշվառման (ԿՀՀ) համակարգի աշխատանքային խմբի հերթական նիստը։ Հանդիպումը վարում էր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Սարգսյանը։
Հանդիպմանը մասնակցում էին Ավստրիական զարգացման գործակալության ծրագրերի համակարգող պարոն Վահե Սարգսյանը, CARD հիմնադրամի տնօրեն պարոն Գագիկ Սարդարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն պարոն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Անասնաբուժության վարչության պետ պարոն Արման Ասատրյանը, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՍԱՏՄ-ի և CARD հիմնադրամի այլ ներկայացուցիչներ։
Անդրադառնալով նախորդ քննարկումների արդյունքներին՝ ինչպես նաև «Ագրարմարքետ Ավստրիա» գործակալության միջազգային փորձագետների խորհրդատվությանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ձեռնամուխ է եղել ԿՀՀ համակարգում տեղեկատվական տեխնոլոգիական (ՏՏ) լուծումների ներդրմանը։ Վերջիններս մշակվել և ներդրվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և CARD հիմնադրամի միջոցով իրականացվող «Հայաստանում ԿՀՀ համակարգի կայուն ներդրում» ծրագրի շրջանակում։
Ներդրված ՏՏ լուծումները միտված են բարձրացնել ԿՀՀ համակարգի կայունությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև ապահովել տվյալների բարձր որակ։ Դրանք էականորեն բարելավում են տվյալների հավաքագրման, էլեկտրոնային մուտքագրման, մշակման և վերլուծության գործընթացները՝ միաժամանակ ապահովելով տվյալների վերահսկելիություն և սննդամթերքի շղթայի թափանցիկություն։
Ներկայացված հիմնական ՏՏ գործիքներն են՝
1. «ԱՆԻ ՊԱՍ» ԿՀՀ բջջային հավելված
Հավելվածը նախատեսված է անասնաբույժների, ֆերմերների և սպառողների համար՝ ԿՀՀ տվյալների և պատվաստումների մուտքագրման, դիտման, խմբագրման, ինչպես նաև անասնաբուժական ձևերի ստեղծման հնարավորությամբ։ Այն ներառում է նաև QR կոդի սկանավորման գործառույթ՝ կիրառելի ականջապիտակների և մսեղիքի մակնշման վրա։ Այս գործիքը զգալիորեն բարձրացնում է համակարգի հասանելիությունը և խթանում է սննդի շղթայի հետագծելիությունը։
2. ԿՀՀ մոնիտորինգի համակարգ
Նոր մոնիտորինգի մեխանիզմը ներառում է՝
• Վարչական վերահսկողություն՝ համակարգչային վերլուծությամբ սխալների հայտնաբերում
• Տեղում կատարվող տեսչական ստուգումներ՝ տարեկան ընտրանքային սկզբունքով
• Ավտոմատացված վերլուծություններ՝ վերլուծական հաշվետվությունների ձևով
3. Ինտերակտիվ վերլուծական բաղադրիչ
Նշյալ գործիքը թույլ է տալիս իրական ժամանակում դիտել ԿՀՀ համակարգի տվյալները գրաֆիկական և աղյուսակային ձևաչափերով՝ ինչպես համակարգչի, այնպես էլ հեռուստացույցի էկրանների միջոցով։ Այս վիզուալիզացիան նպաստում է համակարգի վիճակի օպերատիվ գնահատմանը և հիմնավորված որոշումների կայացմանը։
Բոլոր ներկայացված ՏՏ լուծումները լիովին ինտեգրված են «ԱՆԻ ՊԱՍ» ԿՀՀ կենտրոնական համակարգին և գործում են դրա հետ համադրված՝ ապահովելով համակարգված, արդյունավետ և շարունակական գործընթացների իրականացում։

