12 Սպտ 2014
CARD-ը թողարկեց առաջին գյուղատնտեսական ամսագիրը
Գյուղատնտեսական ամսագրի թողարկման գաղափարը շատ երկար քննարկվել է CARD-ի թիմի կողմից։ Ամսագիր՝ որը փոխանցելու և սերմանելու է հմտություններ, ներդրումների և գյուղատնտեսական տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև դառնալու է հարթակ՝ բազմաթիվ ժամանակակից ֆերմերների և ագրոբիզնեսով զբաղվողների համար՝ քննարկելու իրենց հաջողության պատմությունները, խնդիրներն ու ապագա նախաձեռնությունները։
USDA-ի ֆինանսավորմամբ և խրախուսմամբ, CARD-ը իրականացրեց այս նոր ծրագիրը և թողարկեց նոր գյուղատնտեսական ամսագիր՝ «Ագրոմշակույթ» անվանմամբ, Հայաստանի անկախացումից հետո առաջին անգամ։ Նախաձեռնությանն օժանդակել է ՀՀ Գյուղատնտեսության Նախարարությունը։
Թողարկման միջոցառումը տեղի ունեցավ 2014 թվականի Օգոստոսի 27-ին։ Միջոցառմանը ներկա էին պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ` միջազգային կազմակերպություններից։ Պատվավոր հյուրերի թվում էին. ՀՀ Գյուղատնտեսության նախարար՝ պարոն Սերգո Կարապետյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան՝ պարոն Ջոն Հեֆֆերնը, USAID տնտեսական աճի պաշտոնյա՝ պարոն Նարեն Չանմուգամը և այլն։
«Ես շնորհավորում եմ այս ամսագրի թողարկումը և հույս ունեմ, որ ֆերմերների և գյուղատնտեսության մեջ մասնագետների համար այն կհանդիսանա ոլորտի նվաճումների և առհասարակ նոր տեխնոլոգիաների մասին լավ նորությունների աղբյուր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահին, USDA-ին և USAID-ին ՝ տարիների ընթացքում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին զարգացման համար տրամադրված աջակցության համար», ասաց ՀՀ նախարարն իր ելույթում։
ԱՄՆ դեսպան՝ պարոն Ջոն Հեֆֆերնը իր ողջույնի խոսքում ընդգծեց երկու թեմա. ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը անցած 20 տարիներին և գյուղական զարգացումը՝ որպես այս համագործակցության հիմնական նպատակ։ «Աշխատելով ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հետ և այնպիսի կազմակերպության ինչպիսին CARD-ն է, մենք փորձում ենք ստեղծել տնտեսական հնարավորություններ Հայաստանի ողջ տարածքում՝ կենտրոնանալով գյուղատնտեսության և սննդի վերամշակման վրա, որպես կարևոր նշանակություն ունեցող ոլորտներ», ասաց դեսպանը։ «Այժմ CARD-ը ֆերմերների համար թողարկում է ամսագիր, որը գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիայի և զարգացումների վերաբերյալ նորությունների տարածման գործիք է՝ նպատակուղղված տեղական և միջազգային լավագույն փորձի փոխանակմանը։ Ես անհամբեր սպասում եմ՝ տեսնելու այս ամսագրի ծաղկումը՝ մեր միասին արդեն նվաճած հաջողության վրա և CARD-ի հետ մեր աշխատանքը շարունակելը՝ օգնելով բոլոր տարածաշրջաններում գյուղատնտեսությամբ զբաղվող հայ ընտանիքներին՝ ապագայում հաջողությունների հասնելու համար», նշեց դեսպանը։
«Ագրոմշակույթ» ամսագիրը նախատեսված է ֆերմերների, գյուղատնտեսական մասնագետների,վերամշակողների, քաղաքականություն մշակողների և բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են գյուղատնտեսությամբ և դրա հետ կապված թեմաներով։ Ամսագիրը խոստանում է հրապարակել տեղացի և օտարերկրյա հաջողակ ֆերմերների մասին, ովքեր գյուղատնտեսության շուկայում ներկայացնում են նոր մտահորիզոններ և կարող են ոչ միայն խրախուսել այլ նաև ֆերմերների և ագրոբիզնեսով զբաղվողների համար լավ օրինակ ծառայել։
Ամսագիրը իր մեջ կպարունակի գիտական, տեխնոլոգիական, ուշագրավ և խրախուսող նյութեր։ Ակնկալվում է, որ ամսագիրը կհետաքրքրի լայն գյուղատնտեսությանն առնչվող ընթերցողներին։ Այն կհրապարակվի 3 ամիսը մեկ անգամ, կունենա նաև էլեկտրոնային տարբերակ։