26 Սպտ 2015
Ռեսուրսախնայողական գյուղատնտեսության և անվար երկրագործության կիրառման հեռանկարներին նվիրված աշխատաժողով
2015 թ․-ի սեպտեմբերի 10-ին Տաշիր քաղաքում ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման» (ԵՀԳԳԶԾ/ENPARD) և ԱԳԶԿ-ի կողմից իրականացվող «Կայուն գյուղատնտեսության արժեշղթայի զարգացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում ռեսուրսախնայողական գյուղատնտեսության և անվար երկրագործության կիրառման հեռանկարներին, ինչպես նաև հացահատիկային մշակաբույսերի մշակության առաջավոր փորձին։ Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության, գիտական կենտրոնների, ԳԱՄԿ-երի, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, ֆերմերներ և այլ շահառուներ :
Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել նոր ռեսուրսախնայողական երկրագործական համակարգերի, հողի նվազագույն և զրոյական մշակությունների տեխնոլոգիաների առավելությունները, ցուցադրել «Բոզոյան» ՍՊԸ-ի կողմից կիրառվող հացահատիկային մշակաբույսերի մշակության առաջավոր փորձը, կիրառվող անվար երկրագործության և հատիկի պահպանման առաջավոր տեխնոլոգիաները:
Աշխատաժողովի ընթացքում ելույթ ունեցան ՊԳԿ ԵՀԳԳԶԾ/ENPARD ծրագրի ղեկավար Վահան Ամիրխանյանը, ՊԿԳ գյուղատնտեսության գծով փորձագետ Արմեն Զաքարյանը և «Ջոն Դիր» ընկերության ներկայացուցիչ Վահան Ղազարյանը։ Վերջինս ներկայացրեց ռեսուրսախնայողական գյուղատնտեսության կիրառման միջազգային փորձը, ինչպես նաև անվար երկրագործության ժամանակ կիրառվող ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկան:
Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը, անդրադառնալով ծրագրին, նշեց․ «ԵՀԳԳԶԾ-ի կողմից իրականացվող ծրագիրը բաղկացած է 3 հիմնական մասից։ Սկզբնական փուլում 20 մլն Եվրո տրամադրվեց ՀՀ կառավարությանը՝ ֆերմերներին օժանդակելու նպատակով։ Երկրորդ փուլը ենթադրում էր ՊԳԿ-ի միջոցով օժանդակել ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը՝ բարելավելու գործունեության արդյունավետությունը։ Երրորդ փուլում նախատեսվում է կենտրոնանալ հիմնականում փոքր տնտեսություններ վարող ֆերմերների վրա, քանի որ այդպիսիք շատ են Հայաստանում»։
Աշխատաժողովի ավարտին մասնակիցները ներկա գտնվեցին անվար եղանակով ցորենի ցանքի աշխատանքներին: