25 Ապր 2016
Նոր գյուղատնտեսական և անասնաբուժական կենտրոն Արագածավան համայնքում
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում հիմնել է Գյուղատնտեսական և Անասնաբուժական Սպասարկման Կենտրոն (ԳԱՍԿ): Մասնագիտացված կենտրոնը ուղղված է Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը:
Արագածավանի նոր Կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև, որոնք տրամադրում են պարագաներ, սարքավորումներ և տեղեկատվություն անասնապահության կառավարման զարգացման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ։
Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացմանը մասնակցեցին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի, CARD հիմնադրամի, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի և համայնքի ներկայացուցիչները:
Իր ողջունի խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդգծեց ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առկա երկարատև համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում. «Սա ՀՀ տարածում հիմնված 14-րդ կենտրոնն է, և մինչ 2020 թվականը նախատեսվում է նմանատիպ կենտրոններ հիմնել Հայաստանի բոլոր մարզերում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արագածոտնի մարզը կենտրոնացված է հատկապես անասնապահության և անասնաբուժական ծառայությունների մատուցման վրա, և վերջերս մարզում գրանցվել է կենդանիների գլխաքանակի զգալի աճ՝ տվյալ կենտրոնի առկայությունն առավել քան արդիական է,- նշեց նա:
Կենտրոնը հագեցած է լինելու արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով։ Այն էական դեր է խաղալու շուկայական կապերի հաստատման գործում, ինչպես նաև հասանելի է դարձնելու ֆինանսական ռեսուրսները տեղի ֆերմերների և ՓՄՁ-ների համար։ Կենտրոնը համագործակցելու է շրջակա համայնքների անասնաբույժների և արհեստական սերմնավորող տեխնիկների հետ: ԳԱՍԿ-ը կազմակերպելու է նաև Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ և դասընթացներ: Ակնկալվում է, որ ԳՍԿ-ի ծառայություններից կօգտվեն ՀՀ Արագածոտնի մարզի 7 համայնքների շուրջ 2,000 գյուղատնտեսներ:
Կենտրոնում շրջայցից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպեց համայնքի ֆերմերներին և պատասխանեց նրանց հուզող հարցերին:
Սա արդեն հինգերորդ ԳՍԿ-ն, որը հիմնվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: Սույն ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորելու է նմանատիպ ևս 1 կենտրոնի հիմնումը Կոտայքի մարզում, որը մասնագիտացված է լինելու անասնաբուժական ծառայությունների մատուցման ոլորտում: