18 Մյս 2016
CARD-ի տասնամյակը նշանավորվում է բարեգործությամբ
Իր գործունեության 10 տարիների ընթացքում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամն աջակցում է ֆերմերներին և ագրոբիզնեսին՝ նպաստելով եկամուտների ավելացմանը, աղքատության կրճատմանը և աշխատատեղերի ստեղծմանը, ինչն էլ իր հերթին ապահովում է կայուն կենսամակարդակ: Հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև նպատակ ունենալով բարելավել հասարակության բարեկեցությունը, CARD հիմնադրամը պարբերաբար ձեռնարկում է հստակ քայլեր՝ սոցիալական և շրջակա միջավայրի խնդիրների լուծման նպատակով:
2015թ.-ին լրացավ CARD-ի հիմնադրման տասնամյակը: Տարելիցը, սակայն, չնշվեց, և խնայված գումարներն ուղղվեցին բարեգործական միջոցառումների իրագործմանը: Ուշադրության կենտրոնում հայտնվեցին նախևառաջ սոցիալապես խոցելի ընտանիքները: Մասնավորապես, Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Գյումրիում, 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո շատերը դեռևս բնակվում են ժամանակավոր կացարաններում: Դիլանյանների ընտանիքը, որի պատմությունը CARD հիմնադրամին ներկայացրել էր «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն, բացառություն չէր: 4 հոգուց բաղկացած ընտանիքը 27 տարուց ավելի ապրում էր խոնավ և խարխուլ խրճիթում: Ծանոթանալով նրանց պատմությանը՝ CARD-ն անմիջապես ձեռնամուխ եղավ նոր և վերանորոգված բնակարանի գնմանը: 2016թ.-ի մարտին ընտանիքը տեղափոխվեց երեք սենյականոց բնակարան՝ ամբողջովին կահավորված և հագեցած անհրաժեշտ բոլոր պարագաներով: