18 Մյս 2016
Արծվաբերդ համայնքի մարզադպրոցը վերազինվեց
Մեր կազմակերպության մշտական ուշադրության տակ է գտնվում օժանդակությունը Հայաստանի սահմանամերձ գյուղերին։ Վերջիններս խիստ աջակցության կարիք ունեն այս պահին, քանզի սահմանային լարվածությամբ պայմանավորված ստիպված են հաղթահարել բազում դժվարություններ։ Աշխատատեղերի բացակայությունը, դիպուկահարների մշտական կրակոցները, կենցաղային աղքատիկ պայմաններն ու կրթական հաստատությունների ոչ բարվոք կացությունը խոչընդոտում են սահմանամերձ գյուղերի բնակիչների բնականոն կյանքին, և վերջիններս ստիպված են լինում լքել իրենց բնակավայրերը։
CARD հիմնադրամը մեծապես կարևորում է սահմանամերձ տարածքներում ենթակառուցվածքների հիմնադրումն ու ամրապնդումը։ Ընկերությունը որոշում է կայացրել տասնամյակի կապակցությամբ միջոցառումներ անցկացնելու փոխարեն խնայված գումարի մի մասն էլ հատկացնել Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի մարզադպրոցի վերազինմանը։
2015 թվականին CARD հիմնադրամը մարզադպրոցում տեղադրեց ջեռուցման համակարգ։ Փոխվեցին դպրոցի պատուհանները, տրամադրվեց մարզագույք։ Այսուհետ Արծվաբերդ համայնքի երեխաները հնարավորություն կունենան պատշաճ ֆիզիկական դաստիարակություն ստանալու, իսկ առողջ սերունդը մեր ազգի ապահովության, բարեկեցության և ապագայի գրավականն է։